Հարավային Սուդանը` ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն
14 հուլիսի, 2011Հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, քննարկելով Անվտանգության խորհրդի առաջարկը Հարավային Սուդանի անդամության վերաբերյալ, ընդունեց բանաձեւ` այդ երկիրը հռչակելով որպես ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն:
Բանաձեւը համահեղինակել էին 120-ից ավելի պետություններ` այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ը, Հայաստանը եւ այլն:
ԳԱ-ի նիստում այս պատմական օրվա առիթով ելույթներով հանդես են եկել Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը, ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային խմբերը նախագահող երկրների, ԱՄՆ-ի` որպես կազմակերպությունը հյուրընկալող երկրի, Սուդանի մշտական ներկայացուցիչները եւ Հարավային Սուդանի Հանրապետության փոխնախագահը:
Արեւելյան Եվրոպայի պետությունների խմբի (որին անդամակցում է նաեւ Հայաստանը) անունից հնչեցված ելույթում մասնավորապես նշվել է, որ «…Հարավային Սուդանի համար դեպի այս (ԳԱ) սրահ ճանապարհը բավականին դժվար էր ու երկար: 2011թ. հունվարին կայացած հանրաքվեն հստակորեն ապացուցեց, որ Հարավային Սուդանի ժողովուրդը միասնական է իր ինքնորոշման հարցում: Քվեարկողների 99 տոկոսը միանշանակ ընտրեց ինքնիշխանության ճանապարհը: Այսօր Հարավային Սուդանը թեւակոխում է իր զարգացման մի նոր, առավել կարեւոր ժամանակաշրջան, որտեղ ժողովուրդը կկարողանա կառուցել լիարժեք, ֆունկցիոնալ եւ բարգավաճ ազգային պետություն: Արեւելյան Եվրոպայի պետությունները պատրաստ են օգնել եւ համագործակցել Հարավային Սուդանի հետ այդ նպատակին հասնելու համար: Ցանկանում ենք նշել Սուդանի կառավարության կառուցողական մոտեցումը հանրաքվեի կազմակերպման եւ անցկացման ընթացքին եւ հույս հայտնել, որ նման համագործակցությունը կշարունակվի նաեւ ապագայում: Կոչ ենք անում երկու կողմերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում համաձայնեցնեն խաղաղության համապարփակ պայմանագրի լիարժեք կիրառման հետ կապված հարցերը»:
ԳԱ-ի նիստից հետո տեղի է ունեցել արարողակարգով նախատեսված Հարավային Սուդանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը: