Դեսպան Ռուբեն Կարապետյանի աշխատանքային այցը Պալերմո
11 հունիսի, 2011Հունիսի 9-11-ը Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում էր Պալերմոյում` Սիցիլիայի նահանգային և քաղաքային իշխանությունների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
Հունիսի 9-ին Հայաստանի դեսպանը հանդիպեց Սիցիլիայի Նահանգային Վեհաժողովի նախագահ Ֆրանչեսկո Կաշոյի (Francesco Cascio) և Պալերմոյի քաղաքապետ Դիեգո Կամարատայի (Diego Cammarata) հետ, որոնց հետ քննարկեց Հայաստանի և Սիցիլիայի միջև առևտրատնտեսական և մշակութային կապերի զարգացման հետ կապված հարցեր:
Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպել սիցիլիացի գործարարների այցելությունը Հայաստան` տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Նույն օրը Իտալիայում Հայաստանի դեսպանը մասնակցեց «Excelsior Hilton» հյուրանոցում կազմակերպված գործարար համաժողովին, որին ներկա էր նաև Սիցիլիայի նահանգի տնտեսական զարգացման նախարար Մարկո Վենտուրին (Marco Venturi):
Ռուբեն Կարապետյանը նահանգի գործարարներին մանրամասն ներկայացրեց Հայաստանում ներդրումային հնարավորությունները, այդ ուղղությամբ կառավարության առաջնային ծրագրերը, ինչպես նաև ձևավորված բարենպաստ օրենսդրական դաշտը: Համաժողովի ավարտին դեսպանը պատասխանեց և պարզաբանումներ տվեց ներկաների հարցերին:
Այցի շրջանակներում Ռուբեն Կարապետյանն այցելեց Սիցիլիայի նահանգի կենտրոնական գրադարան: Գրադարանի տնօրեն Ֆրանչեսկո Վերգարա Կաֆարելլիի (Francesco Vergara Caffarelli) հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին ՀՀ Ազգային գրադարանի, ինչպես նաև Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարները:
Նշվեց, որ այդ համագործակցությունը հետաքրքրական կարող է լինել ինչպես գրականության փոխանակման, համատեղ հրատարակությունների իրականացման, այնպես էլ ձեռագրերի պահպանման ու վերականգնման առումով, քանի որ գրադարանը, բացի ձեռագրերի հարուստ հավաքածուից, ունի դրանց վերականգնման զարգացած և արդիական կենտրոն: Հանդիպման վերջում Կարապետյանը գրադարանին նվիրաբերեց իտալերեն լեզվով Իտալիայում հրատարակված գրքեր` Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ու Արցախի հիմնախնդրի վերաբերյալ:
Պալերմո այցելության ընթացքում ՀՀ դեսպանը դասախոսություն կարդաց Պալերմոյի Ռոտարի ակումբում (Rotary Club Palermo), որի ժամանակ ցուցադրվեց «Հայաստան` Նոյի երկիր» ֆիլմը: Ակումբի անդամներին դեսպանը ներկայացրեց Հայաստանը, նրա անցյալն ու ներկան, պատասխանեց Հայաստանի վերաբերյալ ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի:
Այցի վերջին օրը դեսպան Կարապետյանը հարցազրույց տվեց Սիցիլիայի «Giornale di Sicilia» օրաթերթին: