Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումներ Հունաստանում

08 հունիսի, 2011

Հունաստանում շարունակվում են Հայաստանի դեսպանության եւ Հունահայկական հետազոտությունների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Հույն-ամերիկյան միության հետ գործակցությամբ անցկացվող` ամերիկահայ աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի մահվան 30-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումները: Դրանց նպատակն է մեծ գրողի ստեղծած գեղարվեստական եւ մարդասիրական անանց արժեքների միջոցով Հունաստանի հայկական եւ ամերիկյան համայնքների, ինչպես նաեւ հույն հասարակայնության միջեւ մշակութային կապերի ամրապնդումը:

Ապրիլի 13-ին կայացած անդրանիկ միջոցառման մասին իր էջերում ընդարձակ տեղեկատվություն է զետեղել Աթենքի «Դիվանագիտական կյանք» ամսագիրը:

Սարոյանական երկրորդ միջոցառումը տեղի ունեցավ Հույն-ամերիկյան միության դահլիճում եւ նվիրված էր ստեղծագործական կենսագրության տարբեր տարիներին Սարոյանի կողմից արված մատիտանկարներին, էսքիզներին, ինքնապատկերներին, խճանկարներին եւ այլ աշխատանքների: Հունահայկական հետազոտությունների կենտրոնի ներկայացուցիչ Հովսեփ Քասեսյանի բացման խոսքից հետո Սարոյանի գունաշխարհի ու գծապատկերների մասին հանգամանալից դասախոսությամբ հանդես եկավ Սալոնիկի Արիստոտելյան համալսարանի պրոֆեսոր Դիմիտրիս Զուրուդիսը, որի խոսքն ուղեկցվում էր սարոյանական աշխատանքների լուսապատկերների ցուցադրությամբ եւ դրանց խորհրդանշական իմաստի հետաքրքիր մեկնաբանումներով:

Երեկույթին ներկա էին Հունաստանի հայ եւ ամերիկյան համայնքների ներկայացուցիչներ, ուսանողներ, լրագրողներ:

Սարոյանական միջոցառումները Հունաստանում շարունակվելու են ամբողջ տարվա ընթացքում:

Տպել էջը