Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 66-ամյակին նվիրված միջոցառումներ Ավստրիայում
08 մայիսի, 2011Մայիսի 8-ին տեղի են ունեցել Ավստրիայում գտնվող Մաութհաուզեն համակենտրոնացման ճամբարի ազատագրման 66-րդ ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ, որոնց մասնակցել են Ավստրիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի դեսպանության աշխատակիցները, Ավստրիայում հայ ուսանողները, հայ համայնքի ներկայացուցիչները: Մաութհաուզենի հիշատակի պատի վրա տեղադրված ֆաշիզմի դեմ պայքարում ընկած հայ զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ ծաղկեպսակներ դրեցին դեսպան Աշոտ Հովակիմյանը և ԱՊՀ մի շարք երկրների դեսպաններ:
Ավստրիայում Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ դրվեցին նաև համակենտրոնացման ճամբարի զոհերի գլխավոր հուշակոթողի, ինչպես նաև Խորհրդային Միության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ:
ՀՀ դեսպանությունը մայիսի 9-ին մասնակցել է 1945թ. ապրիլին Վիեննայի «Reichsbrücke» կամուրջի վերացմանը խոչընդոտող սովետական զինվորների հիշատակին տեղադրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը: ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակներ է դրել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 66-րդ տարելիցի կապակցությամբ Վիեննայի կենտրոնական գերեզմանատան Խորհրդային զինվորի հուշարձանին, Վիեննայի Շվարցենբերգ հրապարակի Խորհրդային զինվորի հուշակոթողին:
Նույն օրը ՌԴ դեսպանությունում Ավստրիայում ՀՀ և ԱՊՀ այլ երկրների դեսպանությունների կողմից կազմակերպվել է համատեղ ընդունելություն, որին մասնակցել են Ավստրիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, Ավստրիայում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, ավստրիահայ համայնքի ներկայացուցիչներ, ԱՊՀ երկրների բազմաթիվ քաղաքացիներ: