Հայաստանը մասնակցել է Իսպանիայում անցկացված Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային փառատոնին
30 ապրիլի, 2011Ապրիլի 26-30-ը իսպանական Պալմա դե Մայորկա քաղաքում կայացավ Ժողովրդական պարերի 16-րդ միջազգային մրցույթ-փառատոնը:
Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ և միջնորդությամբ` ազգային երգի և պարի այդ հեղինակավոր ստուգատեսին Հայաստանն առաջին անգամ հրավեր ստացավ մասնակցելու` ներկայանալով «Կարին» ազգագրական երգի և պարի համույթով:
Մրցույթին մասնակցում էին համույթներ 17 երկրներից: Հայկական պարախումբը` Մայորկայի, Ուելսի, Թայվանի ու Թուրքիայի համույթների հետ միասին ընտրվեց մասնակցելու մեծ գալա համերգին: «Կարինը» բացառիկ ընդունելության արժանացավ և միջազգային ժյուրին հայ արտիստներին ճանաչեց առաջինը «Լավագույն պարեր» անվանակարգում և երրորդը` «Երաժշտական կատարում» անվանակարգում:
Օգտվելով «Կարին» համույթի Իսպանիայում գտնվելու առիթից, Հայաստանի Հանրապետության դեսպանությունը` Կատալոնիայում Հայաստանի պատվավոր հյուպատոսության և համայնքային շրջանակների գործուն օժանդակությամբ կազմակերպեց համույթի մեկական համերգներ Բարսելոնայում և Վալենսիայում բնակվող հայրենակիցների համար: Համերգներն անցան մեծ հաջողությամբ: