Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ստրասբուրգում
24 ապրիլի, 2011Ապրիլի 24-ին Ստրասբուրգում կայացան Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններ: Ստրասբուրգում` Հանրապետության հրապարակում տեղակայված «Մեր Զոհեր» (“A Nos Morts”) հուշակոթողի հարեւանությամբ, կայացավ Ցեղասպանության անմեղ զոհերի ոգեկոչման եւ ծաղկեպսակների զետեղման արարողություն, որին ներկա էին ՀՀ դեսպան Զոհրաբ Մնացականյանը, Ստրասբուրգում Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ հայր Վաչե Հայրապետյանը, Ստրասբուրգի առաջին փոխքաղաքապետ Ռոբեր Հերմանը, փոխքաղաքապետ-գլխավոր խորհրդական Անրի Դրեյֆուսը, «Արեւելքում քրիստոնեական գործունեության ասոցիացիայի» նախագահ Ալբեր Ուբեղը, Ստրասբուրգում գործող կաթոլիկ, ուղղափառ, անգլիկան եկեղեցիների առաջնորդներ, ալզասյան հասարակական կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Ներկաների առջեւ ելույթներով հանդես եկան դեսպան Մնացականյանը, հայ համայնքի եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները:
Ոգեկոչման արարողությանը հաջորդեց սուրբ Մադլեն եկեղեցում մատուցված համատեղ էկումենիկ պատարագ: