Մեծ եղեռնի 96-ամյակին նվիրված ոգեկոչման արարողություններ Իսպանիայի Բարսելոնա, Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ի առավոտյան Կատալոնիա նահանգի հայության շուրջ 300 ներկայացուցիչներ հավաքվել էին Բարսելոնայի Մարե դե Դոլ Անխելս եկեղեցում, որտեղ Իսպանիայում Հայրապետական պատվիրակի փոխանորդ Սասուն վարդապետ Զմրուխտյանը կատարեց հոգեհանգստի պաշտոն` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Այնուհետեւ, Բարսելոնայում տեղադրված խաչքարի մոտ տեղի ունեցավ Մեծ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված հոգեհանգստի և ծաղկեպսակի զետեղման արարողություն, որից հետո հնչեցին դասական ստեղծագործություններ:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաև Իսպանիայի Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում:
Վալենսիայում բնակվող հայությունը` «Արարատ» hայկական միության առաջնորդությամբ ծաղկեպսակներ զետեղեց «Կենաց խաչ» հուշարձանին, որն Իսպանիայում Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված առաջին կոթողն է:

Մեծ եղեռնի տարելիցի կապակցությամբ ապրիլի 27-ին Վալենսիայի Միսլատա թաղամասի մշակույթի տանը տեղի ունեցավ Իսպանիայում ճանաչված ջութակահար Արա Մալիկյանի մենահամերգը, որին ներկա գտնվեցին նաև Վալենսիայի տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ:

Ալիկանտե քաղաքի հայությունը` շուրջ 300 հոգի, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին իրենց հարգանքի տուրքը մատուցեց Պալմերա զբոսայգում տեղադրված հայկական խաչքարի մոտ: Պսակների տեղադրման արարողությունից հետո անմեղ զոհերի հիշատակը հարգելու և աշխարհասփյուռ հայության զգացմունքները կիսելու մասին խոսքով հանդես եկավ Ալիկանտեի քաղաքապետարանի ներկայացուցիչ Պ. Սանդավալը: Միջոցառման ավարտին կատարվեցին Կոմիտասի հեղինակած մի քանի երգ և բանաստեղծություններ:

Տպել էջը