Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ռուսաստանի Դաշնությունում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ին Մոսկվայի Սբ. Հարություն եկեղեցու տարածքում կանգնեցված խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակ դնելու արարողությունն՝ ի հիշատակ 1915թ. Օսմանյան կայսրությունում Ցեղասպանությանը զոհ դարձած 1.5 անմեղ հայերի:

Արարողությանը մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ դեսպանության աշխատակիցները` արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի գլխավորությամբ, ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը, Մոսկվայում գործող հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, մոսկովյան բուհերի հայ ուսանողները, մշակույթի եւ գիտության գործիչներն ու Մոսկվայում բնակվող հայերը:

Դեսպան Եսայանն, ուղղելով իր խոսքը ներկաներին, նշեց, որ հայերն ամբողջ աշխարհում այսօր, իրենց հարգանքի տուրքը մատուցելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակին, միասնաբար բարձրաձայնում են Մեծ Եղեռնի դատապարտման եւ միջազգային ճանաչման չդադարող կոչը:

«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն անդարձելի գործընթաց է, որն օր օրի անընդունելի է դարձնում թուրքական պետության մերժողական քաղաքականությունը: Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ է ողջ մարդկությանը եւ առաջին հերթին Թուրքիայի ժողովրդին», - նշեց Օ. Եսայանը:

Դեսպանը նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն պետություններին, որոնք պաշտոնապես ճանաչել եւ դատապարտել են 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած Հայոց Ցեղասպանությունը եւ, եզրափակելով իր խոսքը, նշեց, որ զոհերի հիշատակը հավերժացնող ամենազորեղ հուշարձանը հայոց անկախ պետությունն է, որի շուրջ համախմբվելով՝ մեր ժողովուրդը կարող է լուծել իր առջեւ ծառացած խնդիրները:
Օ. Եսայանն, անդրադառնալով ապրիլի 24-ի այս տարվա մյուս կարեւոր խորհրդին, շնորհավորեց մոսկվայաբնակ բոլոր հայերին Զատկի տոնի առթիվ:

Ելույթից հետո Սբ. Հարություն եկեղեցում անցկացվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված Սուրբ պատարագ:

Տպել էջը