Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Վրաստանում

24 ապրիլի, 2011

Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սբ. Գևորգ մայր եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը մատուցեց Ս.Հարության պատարագ, որին ներկա էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը:

Պատարագից հետո կայացավ երթ դեպի Թբիլիսիի Հայ գրողների եւ հասարակական գործիչների Խոջևանքի պանթեոն` վիրահայ համայնքի ներկայացուցիչների եւ դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ` ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի:
Վրաստանում ՀՀ դեսպանության անունից ծաղկեպսակ դրվեց հայ նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարին: Այնուհետև մատուցվեց սգո պատարագ:

Պատարագին հաջորդած հանրահավաքում ելույթ ունեցավ Հայաստանի Հանրապետության դեսպանը, որն իր խոսքում նշեց. «Ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված ամենածանր հանցագործություն է: XX դարի առաջին ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տուրք անմեղ զոհերի հիշատակին, այլեւ հետագա ցեղասպանությունները կանխարգելելու միջոց: Ցեղասպանության ճանաչումը ռեւերանս չէ Հայաստանի, ոչ էլ` թշնամական քայլ Թուրքիայի նկատմամբ: Դա արդարության եւ արդարադատության պատասխանն է ոճրագործներին»:

Հայոց Ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառումներն ավարտվեցին Թբիլիսիում Թուրքիայի Հանրապետության դեսպանության մոտ Վրաստանի հայ երիտասարդական կազմակերպությունների եւ Վիրահայ համայնքի ներկայացուցիչների հավաքով:

Տպել էջը