Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկո Թբիլիսիում
22 ապրիլի, 2011Ապրիլի 22-ին Թբիլիսիի «Շերատոն Մետեխի Փալաս» հյուրանոցում կայացավ հուշ-երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին, որը կազմակերպել էր «Վրաստանի հայերի ազգային կոնգրեսը»:
Հյուրերի թվում էին Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանի նախագահի խորհրդական Վան Բայբուրթը, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, հայտնի գրող և թարգմանիչ Գիվի Շահնազարին, վրաց հասարակության, ինչպես նաև Վրաստանի հայ համայնքի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան դեսպան Հովհաննես Մանուկյանը, Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատգամավոր Արմեն Բայանդուրյանը, գրող Գիվի Շահնազարին և վրաց նկարչուհի Նինո Փիրցխալաիշվիլին:
Երեկոն սկսվեց Նինո Փիրցխալաիշվիլու Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպի թեմայով գծանկարների ցուցահանդեսով, այնուհետև մենահամերգով հանդես եկավ Երևանից ժամանած հայ դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Հայկ Մելիքյանը: Երեկոյի երրորդ մասում կայացավ փոքր թատերական ներկայացում` Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան Հայկական Պետական Դրամատիկական Թատրոնի մի խումբ դերասանների կատարմամբ: