Հաագայում անցկացվել է Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին նվիրված միջոցառում

19 ապրիլի, 2011

Ապրիլի 19-ին Հաագայի Գերմանական ավետարանչական եկեղեցում, Հայաստանի դեսպանության հովանու ներքո, Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի «Ապրիլ 24» կոմիտեի կողմից, հայկական այլ կազմակերպությունների հետ համատեղ, կազմակերպվեց Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցին նվիրված հիշատակի եւ ոգեկոչման համերգ:

Ներկաներին բացման խոսքով դիմեց Հայաստանի դեսպան Ձյունիկ Աղաջանյանը` շնորհակալություն հայտնելով բոլոր այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը եւ բարձր գնահատելով նրանց, որոնք «անկախ քաղաքական շահերից, աներկբայորեն հետամուտ են համընդհանուր արժեքների հանդեպ իրենց հանձնառությանը եւ, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բարոյական պարտականությունից զատ, խիզախություն են ունեցել ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելի արարք համարել»: Նա իր խոսքում նշեց, որ «քանի դեռ միջազգային հանրությունը միաձայնորեն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի դադարել ցեղասպանության եզրույթի ընտրովի ու քաղաքականացված կիրառումը, երաշխիք չի լինի, որ այդ հանցագործությունը չի կրկնվի»:

Ոգեկոչման համերգին, որին ներկա էին Հաագայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների մոտ երկու տասնյակ դեսպաններ եւ դիվանագետներ, հայկական տարբեր համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հայ եւ հոլանդացի կատարողները ներկայացրեցին Բախի, Կոմիտասի, Շոպենի, Բաբաջանյանի ստեղծագործությունները:

Տպել էջը