Դեսպան Օլեգ Եսայանի հանդիպումները Մոսկվայում
16 ապրիլի, 2011Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանն այցելել է ՌԴ տրանսպորտի նախարարություն եւ հանդիպում ունեցել տրանսպորտի նախարար, հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսաստանյան մասի նախագահ Իգոր Լեւիտինի հետ: Դեսպան Եսայանն այցելել է նաեւ ՌԴ տարածքային զարգացման նախարարություն եւ հանդիպում ունեցել նախարար Վիկտոր Բասարգինի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ապրիլի 18-19-ը Հայաստանում կայանալիք հայ-ռուսական առաջին միջտարածաշրջանային ֆորումի նախապատրաստման եւ անցկացման հետ կապված հարցեր: Դեսպանը երախտագիտություն է հայտնել հանդիպման կազմակերպման, ինչպես նաեւ ֆորումի աշխատանքներին մասնակցելու նպատակով առաջիկայում Երեւան այցելելու նախարարների կայացրած որոշման կապակցությամբ:
Անդրադառնալով տարածաշրջանային համագործակցության արդի հարցերին` դեսպան Եսայանը ներկայացրել է մարտի վերջին իր այցելությունը Սիբիրյան եւ Հեռավորարեւելյան դաշնային օկրուգներ,Նովոսիբիրսկ, Խաբարովսկ եւ Վլադիվոստոկ քաղաքներ, հանդիպումները իշխանության տեղական մարմիններում, հայ համայնքային կառույցներում: Նշվել է, որ հանդիպումներում արծարծվել են այդ տարածաշրջանների եւ Հայաստանի մարզերի միջեւ համագործակցության զարգացման հեռանկարները, այնտեղ բնակվող մեծաքանակ հայաստանցիների ՀՀ հյուպատոսական ծառայություններից օգտվելու հիմնախնդիրները:
Դեսպան Օլեգ Եսայանը հանդիպում է ունեցել նաեւ ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի բնական մենատիրությունների գծով Հանձնաժողովի նախագահ, ՌԴ ԴԺ
եւ ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի հետ: Հանդիպմանը քննարկվել են ապրիլի
19-21-ը Յարոսլավ քաղաքում կայանալիք հանձնաժողովի 20-րդ նիստի նախապատրաստման եւ անցկացման հարցերը: