Գանայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի արտգործնախարարին
28 մարտի, 2011Մարտի 28-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Գանայի նորանշանակ դեսպան Սեթ Կորանտենգին (Seth Koranteng, նստավայրը Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Շնորհավորելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր նոր առաքելության մեջ եւ հույս հայտնեց, որ ՀՀ-ում Գանայի դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-գանայական կապերի զարգացմանը` ամուր հիմքեր ստեղծելով դրանց խորացման համար:
Դեսպան Կորանտենգը շնորհակալություն հայտնեց բարեմաղթանքների համար, ընդգծելով, որ իր երկիրը շահագրգռված է Հայաստանի հետ համագործակցության ընդլայնմամբ եւ զարգացմամբ, եւ վստահեցրեց իր կանի առավելագույնը երկկողմ համագործակցության ընդլայնման համար:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին տարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունների առավել խորացմանն առնչվող հարցեր՝ իրավապայմանագրային դաշտի ստեղծման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Գանայի համագործակցությանն առնչվող հարցեր: