Բեյրութում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի հիմնադիր անդամների երկրորդ հանդիպումը

24 մարտի, 2011

Բեյրութում Հայաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի հիմնադիր անդամների երկրորդ հանդիպումը: Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին պաշտոնական գրանցման հետ կապված բոլոր ընթացակարգային գործընթացներն ավարտելու կապակցությամբ: Նա համոզմունք է հայտնել, որ նորաստեղծ ասոցիացիան իր անդամների մեծ ներուժի եւ ակտիվ գործունեության շնորհիվ ավելի կխորացնի եւ կընդլայնի հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունները տարբեր փոխշահավետ ոլորտներում:

Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի նախագահ միաձայն ընտրվել է հայտնի գործարար Պիեռ Ֆատտուշը: Ընտրվել են նաեւ ասոցիացիայի տնօրենների խորհրդի անդամները: Լիբանանում Հայաստանի դեսպանին առաջակվել է ասոցիացիայի պատվավոր նախագահի պաշտոնը:

Քննարկվել եւ ուրվագծվել են նաեւ ասոցիացիայի հետագա գործունեության առանցքային ուղղությունները: Ստեղծվել է աշխատանքային խումբ, մայիսի սկզբին կազմակերպվելիք պաշտոնական միջոցառմանն առնչվող աշխատանքները համակարգելու նպատակով:

Ասոցիացիայի գլխավոր նպատակն է զարգացնել եւ ընդլայնել Լիբանանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերությունները, մասնավորապես առեւտրատնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ բացահայտել նոր հնարավորություններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրերի իրականացումը խրախուսելու նպատակով:

Տպել էջը