Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումը

18 մարտի, 2011

Մարտի 18-ին հանդիպում կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Երեւան ժամանած ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի միջեւ:

Ողջունելով հյուրերին Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Խորհրդանշական էր, որ երեկ՝ Լիտվայի արտգործնախարարի այցելության առաջին օրը, Երեւանում նշվեց Լիտվայի Ազգային տոնը»: Նախարարն ասաց, որ խորհրդանշական էր նաեւ այն, որ Լիտվան առաջին երկիրն է, որ ճանաչեց Հայաստանի անկախությունը 1991-ին:

Լիտվայի արտգործնախարարը շնորհակալություն հայտնելով Հայաստանի ԱԳ նախարարի ջերմ ընդունելության, երեկ Լիտվայի Ազգային տոնի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար, նշեց, որ հայ-լիտվական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա եւ առկա են լավ նախադրյալներ դրանց առավել ամրապնդման եւ խորացման համար:

Նախարարներ Նալբանդյանն ու Աժուբալիսը մարտի 17-ին ոչ պաշտոնական ձեւաչափով մտքեր էին փոխանակել երկկողմ հարաբերությունների, միջազգային եւ տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ:

Այսօրվա հանդիպմանը նախարարներն ընդլայնված կազմով շարունակեցին քննարկումները՝ կենտրոնանալով ԵԱՀԿ-ի օրակարգային հարցերի շուրջ:

Այս ենթատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հայաստանը ԵԱՀԿ ակտիվ անդամ է, ներգրավված է կազմակերպության գործունեության բոլոր ուղղություններում, իր նպաստն է բերում կազմակերպության բարեփոխումներին, լինի դա Կորֆուի գործընթացի միջոցով, կամ այլ ձեւաչափերով»:

ԵԱՀԿ գործող նախագահ Աժուբալիսը Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց լիտվական նախագահության առաջնահերթությունները եւ նախատեսվող քայլերը: Ի պատասխան Էդվարդ Նալբանդյանն ասաց, որ Հայաստանն աջակցել է Լիտվայի ընտրությանը որպես ԵԱՀԿ նախագահ եւ Լիտվայի նախագահության ընթացքում իր նպաստը կբերի այն քայլերին, որոնք ուղղված են կազմակերպության արդյունավետության եւ դերակատարության բարձրացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում ընթացող բարեփոխումներին, այդ գործընթացում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը:

Հանդիպման ընթացքում մանրամասն քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է ԵԱՀԿ շրջանակներում ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ արված հայտարարություններին՝ 2008թ. դեկտեմբերին՝ Հելսինկիում, 2009թ. դեկտեմբերին` Աթենքում, 2010թ. հուլիսին Ալմաթիում, եւ 2010թ. դեկտեմբերին՝ Աստանայում, ինչպես նաեւ եռանախագահող երկրների նախագահների 2009թ. հուլիսին լ՛Աքվիլայում եւ 2010թ. հունիսին Մուսկոկայում արված հայտարարություններին:

ԵԱՀԿ գործող նախագահը վերահաստատեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական գործունեությանը, նրանց կողմից արված առաջարկություններին եւ կոչերին, մասնավորապես՝ շփման գծից դիպուկահարներին դուրս բերելու կոչին:

Երկուստեք շեշտվեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ բանակցային կարգավորումն այլընտրանք չունի:

Էդվարդ Նալբանդյանը եւ Աուդրոնիուս Աժուբալիսը հանգամանալից քննարկեցին հակամարտության գոտում անվտանգության ամրապնդմանն առնչվող հարցեր:
Նախարարների հանդիպմանը հետեւեց համատեղ մամլո ասուլիս:

Տպել էջը