Հնդկաստանում ՀՀ դեսպանը հավատարմագրերն է հանձնել Նեպալի նախագահին
16 մարտի, 2011Մարտի 16-ին Հնդկաստանում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը քառօրյա այցով մեկնեց Կատմանդու` Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Ռամ Բարան Յադավին իր հավատարմագրերը հանձնելու կապակցությամբ: Այցի ընթացքում նա հանդիպումներ ունեցավ Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի, վարչապետ Ջհալա Նաթհ Խանալի եւ արտաքին գործերի քարտուղար Մադան Կումար Բհատտարայի հետ:
Մարտի 17-ին` Նեպալի նախագահին հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում, երկուստեք բարձր գնահատվեց Հայաստանի եւ Նեպալի միջեւ բարեկամական հարաբերությունների առկա մակարդակը եւ պատրաստակամություն հայտնվեց զարգացնելու երկկողմ համագործակցությունը տարբեր բնագավառներում: ՀՀ դեսպանը կարեւորեց միջազգային կառույցներում երկու երկրների միջեւ համագործակցությունը:
Նեպալի փոխնախագահ Պարմանանդ Ջհայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին քաղաքական, տնտեսական, կրթության եւ գիտության ու մշակույթի բնագավառներում երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Այդ համատեքստում ՀՀ դեսպանը կարեւորեց բարձրաստիճան փոխայցելությունների իրականացումը, ինչը կխթանի համագործակցությունը:
Նեպալի վարչապետ Ջհալա Նաթհի հետ հանդիպման ժամանակ հատուկ անդրադարձ կատարվեց երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացմանը: ՀՀ դեսպանը նշեց, որ առկա է մեծ ներուժ տնտեսական համագործակցության բնագավառում: Կողմերը քննարկեցին էներգետիկայի, մասնավորապես հիդրո-էներգետիկայի ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը` հաշվի առնելով երկու երկրների մեծ փորձառությունն այդ բնագավառում: Անդրադարձ կատարվեց նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին: Նեպալի վարչապետը հայկական ընկերություններին հրավիրեց ներդրումներ կատարել իր երկրի տնտեսության մեջ:
Նեպալի ԱԳ քարտուղար Մադան Կումար Բհատտարայի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ քաղաքական հարաբերությունների հետագա զարգացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խորացման, ընդհանուր հետաքրրքրություն ներկայացնող տնտեսական ոլորտների հատկորոշման հետ կապված հարցերը: