Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցը շնորհակալություն հայտնեց «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիային
11 մարտի, 2011Մարտի 11-ին Երեւանի Մ. Մալունցյանի անվան արվեստի դպրոցում տեղի ունեցավ համերգ` դպրոցի սաների մասնակցությամբ:
Միջոցառումները նվիրված էին 2010թ. դեկտեմբերի 11-ին ԱԳ նախարարի տիկնոջ կողմից ղեկավարվող «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի միջոցներով դպրոցի վերանորոգման աշխատանքների ավարտին:
Անցյալ տարեմուտին «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառի ողջ հասույթը տրամադրվել րէ Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցին եւ Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցին:
Ելույթ ունենալով միջոցառմանը «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիայի ղեկավար Նատալյա Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց տոնավաճառի բոլոր մասնակիցներին` Հայաստանում հավատարմագրված դեսպանատներին, կազմակերպություններին եւ անհատներին, որոնք աջակցել են այս նպատակի իրականացմանը: Տիկին Նալբանդյանը շնորհավորեց դպրոցի ուսուցչական կոլեկտիվին եւ սաներին վերանորոգման աշխատանքների ավարտի կապակցությամբ եւ մաղթեց նորանոր ստեղծագործական հաջողություններ արդեն առավել հարմարավետ պայմաններում:
Միքայել Մալունցյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Անահիտ Մելքոնյանը իր հերթին երախտիքի խոսքեր ասաց «Բարի գալուստ Հայաստան» կանանց ասոցիացիային եւ Նատալյա Նալբանդյանին` դպրոցի վերանորոգման խնդրի լուծման հարցում անձնական մասնակցության համար: Միաժամանակ նա հույս հայտնեց, որ բարեկարգված պայմանները լրացուցիչ խթան կհանդիսանան դպրոցի աշակերտների` էլ ավելի լավ սովորելու համար:
Կազմակերպված համերգի ժամանակ ելույթներով եւ կատարումներով հանդես եկան դպրոցի սաները: