Բուխարեստի Առեւտրաարդյունաբերական պալատում կազմակերպվեց կլոր սեղան` նվիրված Հայաստանին
11 մարտի, 2011Մարտի 11-ին Բուխարեստի Առեւտրաարդյունաբերական ազգային պալատում կազմակերպվեց կլոր սեղան` նվիրված Հայաստանում գործարարության հնարավորություններին եւ ներդրումային միջավայրին: Այն տեղի էր ունենում հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում, որն իր աշխատանքներն ավարտել էր նախորդ օրը:
Միջոցառումը կազմակերպվել էր Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Ռումինիայի առեւտրաարդյունաբերական ազգային պալատի եւ Ռումինիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի կողմից: Կլոր սեղանին մասնակցում էին ռումինական եւ օտար մոտ չորս տասնյակ ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացնում էին մեքենասարքավորումների, էլեկտրական, բժշկական եւ գյուղատնտեսական սարքավորումների ու գործիքների, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, փայտամշակման, տեքստիլ եւ սննդի արդյունաբերության, շինարարական, ճանապարհային ենթակառուցվածքների, օդային սպասարկման, տուրիզմի, հյուրանոցային գործի, անշարժ գույքի եւ մի շարք այլ ոլորտներ, անհատ ձեռներեցներ, ինչպես նաեւ երկկողմ առեւտրաարդյունաբերական պալատների, մի քանի դեսպանությունների առեւտրական ներկայացուցիչներ:
Կլոր սեղանը վարում էր Ռումինիայի երկկողմ առեւտրաարդյունաբերական պալատների միության նախագահ Ժոսե Յակոբեսկուն, որն իր բացման խոսքում նշեց, թե երկար սպասված այս կարեւոր հանդիպումը կարող է շրջադարձային կետ դառնալ երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների խթանման համար:
Իր հերթին Ռումինիայի էկոնոմիկայի եւ գործարար միջավայրի նախարարության արտաքին առեւտրի վարչության խորհրդական, հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության համատեղ հանձնաժողովի քարտուղար Վալենտին Ստանիսլավն ընդգծեց, որ նման կենդանի շփումների եւ փոխայցելությունների շնորհիվ կարել է աշխուժացնել երկու երկրների միջեւ գործնական հարաբերությունները եւ առաջարկեց յուրաքանչյուր վեց ամիսը մեկ կազմակերպել գործարար մարդկանց հանդիպումներ Հայաստանում կամ Ռումինիայում:
Հայաստանի տնտեսական հնարավորությունների եւ ներդրումային միջավայրի մասին հիմնական զեկուցումներով հանդես եկան Զարգացման հայկական գործակալության փոխտնօրեն Լուսինե Թումյանը եւ Հայաստանի գործատուների մության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը:
Հայաստանի մասին դրական ելույթներով հանդես եկան Հայաստանում Ռումինիայի առաջին դեսպան Պավել Պլատոնան եւ Ռումինիա-Հայաստան առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարուժան Ուդրեան:
Այնուհետեւ ծավալվեց հարցուպատասխան կոնկրետ ոլորտների շուրջ: Մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ եւ անհատ ձեռներեցներ պայմանավորվածություններ ձեռք բերեցին Հայաստանի պատվիրակության հետ`այցելելու Հայաստան տեղում ծանոթանալու հայկական շուկայի յուրահատկություններին եւ ներդրումների հնարավորությանը:
Կլոր սեղանին դրականորեն անդրադարձան ռումինական լրատվամիջոցները: