Պարգեւատրման արարողություն Իտալիայում Հայաստանի դեսպանատանը

21 փետրվարի, 2011

Փետրվարի 12-ին Իտալիայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ ականավոր հայագետներ, Պո-Արաքս մշակութային ընկերակցության հիմնադիրներ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամներ` Վենետիկի Կա ֆոսկարի համալսարանի հայագիտության կենտրոնի ղեկավար պրոֆեսոր Հայր Լեւոն Զեքյանին եւ Բոլոնիայի համալսարանի հայագիտության ամբիոնի առաջին ղեկավար, պրոֆեսոր Գաբրիելա Ուլուհոճյանին` ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալներով պարգեւատրման արարողությունը` հայ մշակույթի տարածմանն ու զարգացմանը նպաստող ակնառու նվաճումների եւ ձեռքբերումների համար:

Շնորհավորելով մեծանուն գիտնականներին ՀՀ կառավարական առաջին պարգեւը ստանալու կապակացությամբ, դեսպան Կարապետյանը հատուկ նշեց, որ “Իտալիայի հռչակավոր երկու համալսարաններում` Վենետիկում եւ Բոլոնիայում Զեքյանի եւ Ուլուհոջյանի կողմից հայագիտական միավորների հիմնադրման շնորհիվ է, որ այսօր կարող ենք խոսել Իտալիայում առկա հայագիտության դպրոցի մասին”: Դեսպանը շեշտեց, որ “նրանց գիտական գործունեությունը վաղուց դուրս է եկել Իտալիայի եւ Հայաստանի սահմաններից ու ձեռք բերել համաշխարհային արժեք եւ նշանակություն”: Դեսպանը կարեւորեց նաեւ գիտնականների մեծ ներդրումը հայ-իտալական բարեկամության խորացման գործում:

Վենետիկում Պո Արաքս մշակութային ընկերակցության կողմից ամեն տարի կազմակերպվող հայոց լեզվի խտացված ամառային դասընթացների 25-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայր Լեւոն Զեքյանի միջոցով` դասախոսներ Պարետ Մանոքին, Ռոզին Թաշճյանին, Սալբի Գասպարյանին եւ Ռաֆֆի Սեթյանին հանձնվեցին նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվոգրերը:

Արարողությանն ու դրան հաջորդած ընդունելությանը ներկա գտնվեցին Իտալիայի գիտական ու մշակութային շրջանակների, ինչպես նաեւ իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը