Երեւանում մեկնարկել է ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված սեմինար

08 փետրվարի, 2011

Փետրվարի 8-ին Երեւանում մեկնարկեց ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված սեմինար, որը կազմակերպվել է ԱԳՆ նախաձեռնությամբ` Եվրոպական Միության TAIEX աջակցության ծրագրի շրջանակներում:

ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրերի ստացման գործընթացը դյուրացնելու խնդիրը առաջնային տեղ է զբաղեցնում ՀՀ-ԵՄ երկկողմ համագործակցության օրակարգում: Սեմինարի անցկացումը կարեւոր հանգրվան է Հայաստանի ու ԵՄ միջեւ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման եւ հետընդունման համաձայնագրերի շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացումը մեծապես կնպաստի ԵՄ հետ ամենատարբեր բնագավառներում երկկողմ կապերի զարգացմանը, ինչպես նաեւ բարենպաստ միջավայր կստեղծի մարդկային շփումների համար:

Սեմինարի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը եւ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը:

Նախատեսվում է, որ ԵՄ հետ մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրերը դյուրին եւ արագացված ընթացակարգեր կսահմանեն մի շարք կատեգորիաների անձանց համար, այդ թվում` պաշտոնական պատվիրակությունների անդամների, գործարար շրջանակների ներկայացուցիչների, ուսանողների, գիտաշխատողների, լրագրողների, միջազգային սպորտային միջոցառման մասնակիցների, մոտ ազգականներին այցելողների, ինչպես նաեւ այլ կատեգորիաների անձանց համար:

ԵՄ հետ տեղաշարժի հարցերին նվիրված միջոցառումը նպատակ ունի նաեւ փորձի եւ տեղեկատվության փոխանակման միջոցով ավելացնելու ՀՀ համապատասախան գերատեսչությունների կարողությունները, ինչպես նաեւ բարձրացնելու գործընթացի վերաբերյալ իրազեկությունը:

Տպել էջը