Դեսպան Ռուբեն Կարապետյանի հանդիպումները Իտալիայում

03 փետրվարի, 2011

Փետրվարի 2-ին Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հանդիպումներ ունեցավ Իտալիայի խորհրդարանում գործող Անվտանգության հարցերով կոմիտեի /COPASIR/ նախագահ, երկրի նախկին վարչապետ ու արտգործանախարար Մասսիմո Դ’Ալեմայի /Massimo D'Alema/, ինչպես նաեւ Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի /Vannino Chiti/ հետ:

Մասսիմո Դ’Ալեմայի հետ դեսպան Կարապետյանը քննարկեց հայ-իտալական հարաբերությունների, տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, Հարավային Կովկասում Իտալիայի արտաքին քաղաքականության, ինչպես նաեւ եվրոպական կառույցներում Իտալիայի ներկայացուցիչների հետ համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման ու հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործընթացներին:

Իտալիայի Սենատի փոխնախագահ Վաննինո Կիտիի հետ հանդիպման ընթացքում երկուստեք շեշտվեց հայ-իտալական խորհրդարանական համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունն ու Սենատում երկու ժողովուրդների պատմական բացառիկ կապերը լուսաբանող տարբեր միջոցառումների կազմակերպման կարեւորությունը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ընդլայնել Իտալիայի խորհրդարանում գործող հայ-իտալական բարեկամության խումբը, իրականացնել փոխայցելություններ եւ բարձրացնել իտալացի օրենսդիրների շրջանում տեղեկացվածության մակարդակը Հայաստանի եւ ԼՂՀ-ի վերաբերյալ:

Տպել էջը