Դեսպան Աշոտ Հովակիմյանի այցը Ավստրիայի Ֆորարլբերգ երկրամաս
27 հունվարի, 2011Հունվարի 26-27-ը աշխատանքային այցով Ավստրիայի Ֆորարլբերգ (Vorarlberg) երկրամասում էր գտնվում դեսպան Աշոտ Հովակիմյանը: Դեսպանը Բրեգենցում հանդիպումներ է ունեցել Ֆորարլբերգ երկրամասի ղեկավար Հերբերտ Զաուզգրուբերի եւ խորհրդարանի նախագահ Բերնադետե Մեննելի հետ: Քննարկվել են դեռեւս խորհրդային ժամանակներից ձեւավորված Հայաստան-Ֆորարլբերգ գործընկերության շրջանակներում քաղաքական, առեւտրատնտեսական, մշակութային, կրթական բնագավառներում համագործակցության հնարավորությունները, Ֆորարլբերգի եւ Հայաստանի Գեղարքունիքի մարզի միջեւ գործընկերական կապերի հաստատման հեռանկարները:
Հունվարի 26-ին Դորնբիրն քաղաքում Ֆորարլբերգ երկրամասի ORF հեռուստաընկերությունում տեղի է ունեցել «Հայաստան. հուսահատության եւ հույսի միջեւ» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որին ներկա են գտնվել Հայաստանի դեսպանը, Ֆորարլբերգի երկրամասի խորհրդարանի նախագահը, երկրամասի բարձրաստիճան պաշտոնյաներ, Լիխտենշտեյնի կառավարության անդամները, Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր: Ֆիլմը ստեղծվել է 2010 թ. սեպտեմբերին ORF-ի ներկայացուցիչների Հայաստան այցելության ընթացքում կատարված նկարահանումների հիման վրա եւ ներկայացնում է Ավստրիայի Caritas-ի կողմից Հայաստանում իրականացված եւ իրականացվելիք ծրագրերը:
Ֆորարլբերգի Caritas-ը եւ Լիխտենշտեյնի կառավարությունը ֆինանսավորում են Հայաստանում «Միգրացիա եւ զարգացում» ծրագիրը: Լիխտենշտեյնի կառավարությունը այս ծրագրի համար հատկացրել է շուրջ 585.000 եվրո, իսկ Ֆորարլբերգի Caritas-ը` 130.000 եվրո: