Հայաստանը մասնակցել է «Ավանդական արտադրանք» առեւտրային ցուցահանդես-փառատոնին
29 դեկտեմբերի, 2010Օրերս Աթենքի «Էքսպո» ցուցահանդեսային համալիրում Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Գործարար խորհրդի հովանու ներքո կայացավ «Ավանդական արտադրանք» առեւտրային ցուցահանդես-փառատոնը, որտեղ մի շարք երկրների ազգային տաղավարների կողքին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ բացվեց նաեւ հայկական տաղավար:
Նմանօրինակ բնույթի միջոցառմանը առաջին անգամ մասնակցեց Հունահայկական առեւտրաարդյունաբերական պալատը, որը վերագործարկվելով երկարամյա ընդմիջումից հետո` աստիճանաբար ավելի է ընդարձակում իր գործունեությունը: Հայաստանից ներկրումներով զբաղվող` պալատի անդամները տաղավարում ներկայացրեցին հայկական տարբեր արտադրանք, այդ թվում` կոնյակ, գինիներ, ժամացույցներ եւ այլն:
Միաժամանակ, Զարգացման հայկական գործակալության հետ համագործակցությամբ տաղավարում ցուցադրվեցին եւ այցելուներին բաժանվեցին հայաստանյան ընկերությունների եւ Հայաստանից արտահանվող տարբեր ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվական եւ գովազդային նյութեր: