ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւեր, որոնք կարեւորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը

23 դեկտեմբերի, 2010

Նյու Յորքում օրերս ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) կողմից միաձայն ընդունվել են բանաձեւեր, որոնցում կարեւորում են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: 

Մասնավորապես, ԳԱ-ն ընդունելով «Ազգերի ինքնորոշման համընդհանուր իրականցումը» խորագրով բանաձեւը վերահաստատում է եւ կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այս իրավունքի ոտնահարման դեպքերին: Կազմակերպության բազմաթիվ անդամ-երկրներ հավատացած են, որ ինքնորոշման իրավունքը հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը, այն արդիական է այսօրվա միջազգային անցուդարձի համատեքստում եւ համարվում է միջազգային ողջ համակարգի կարեւորագույն հենասյուներից մեկը:
 
Նյու Յորքում օրերս ընդունվել է մեկ այլ բանաձեւ, որն առնչվում է ՄԱԿ-ի եւ Իսլամական համաժողով կազմակերպության միջեւ համագործակցությանը, որում ԳԱ-ն խնդրում է նշված երկու միջկառավարական կառույցներին շարունակել համագործակցությունն`ուղղված համընդհանուր խնդիրների լուծմանը, ինչպիսիք են` միջազգային խաղաղության եւ անվտանգության, զինաթափման, մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հետ կապված հիմնահարցերը: 

Վերը նշված բանաձեւերի ընդունմանը ՄԱԿ-ի համապատասխան մարմիններում նախորդել էին քննարկումներ, որոնց ի թիվս ՄԱԿ-ի շահագրգիռ այլ անդամ-երկրների մասնակցել է նաեւ Հայաստանը:

Տպել էջը