ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանն ընդունեց Հունգարիայի Արեւելյան գործընկերության գծով հատուկ հանձնարարություններով դեսպանին եւ Հայաստանում Հունգարիայի դեսպանին

17 դեկտեմբերի, 2010

Դեկտեմբերի 17-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունեց Հունգարիայի Արեւելյան գործընկերության գծով հատուկ հանձնարարություններով դեսպան դոկտոր Յանոս Տերենյիին եւ Հայաստանում Հունգարիայի դեսպան Գաբոր Շագիին (նստավայրը` Թբիլիսի):

Դեսպան Տերենյին ներկայացրեց ԵՄ-ում հունգարական նախագահության առաջնայնությունները` 2011թ. հունվարից Հունգարիայի` վեց ամսով ԵՄ նախագահությունը ստանձնելու համատեքստում: Հունգարական կողմը շեշտեց Արեւելյան գործընկերության կարեւորությունը եւ ներկայացրեց հունգարական նախագահության մոտեցումները բազմակողմ համագործակցության մի շարք հարցերի առնչությամբ: Կողմերը քննարկեցին 2011թ. մայիսին Բուդապեշտում անցկացվելիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգի վերաբերյալ կողմերի մոտեցումները:
 
Զրուցակիցներն անդրադարձան ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին եւ այդ հարցում գրանցված առաջընթացին: Փոխնախարար Ղազինյանը ներկայացրեց ՀՀ մոտեցումները` շեշտելով Հայաստան-ԵՄ հարաբերություններն ավելի ընդլայնելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը:
 
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ համագործակցության առաջնայնություններին` Կարինե Ղազինյանը կարեւորեց ԵՄ երկրների աջակցությունը մուտքի արտոնագրերի ստացման գործընթացի դյուրացման շուրջ քննարկումներում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Տպել էջը