Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը
07 դեկտեմբերի, 2010Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց իր բելգիացի գործընկերոջը
Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում տեղի ունեցավ Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցության խորհրդի 11-րդ նիստը:
Նիստին մասնակցելու նպատակով Բրյուսել էր ժամանել Հայաստանի պատվիրակությունը` ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին արդարադատության փոխնախարար Նիկոլայ Առուստամյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը եւ ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Ավետ Ադոնցը:
Եվրոպական Միության տարբեր կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը գլխավորում էին 2011-ին ԵՄ նախագահություն ստանձնող Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը եւ Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Խորհրդի նիստում քննարկվեցին Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության օրակարգը, հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր:
Նախարար Նալբանդյանը, ներկայացնելով Եվրոպական մերձեցման ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերը, ասաց, որ Հայաստան - ԵՄ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից է եւ հայկական կողմը շարունակելու է նպատակաուղղված քաղաքականությունը հարաբերությունների առավել ամրապնդման ուղղությամբ:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը կարեւորեց Հայաստանում բարեփոխումների գործընթացին աջակցող ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը` այն բնորոշելով որպես արդյունավետ համագործակցության հաջողված օրինակ:
Խորհրդի նիստի ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց եւ երկուստեք գոհունակություն հայտնվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում ընթացող բանակցությունների հաջող ընթացքի կապակցությամբ, միաժամանակ նշվեց, որ ծրագիրը ընդլայնման զգալի ներուժ է պարունակում:
Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ` քաղաքական երկխոսության ակտիվացման, այս տարվա հուլիսին մեկնարկած Ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների, Ազատ առեւտրի խորացված եւ համապարփակ համաձայնագրի գոտու ստեղծման, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացի շուրջ:
Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները, բարձր գնահատելով Հայաստանի հետ համագործակցությունը, իրենց աջակցությունը հայտնեցին իրականացվող ժողովրդավարական եւ տնտեսական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ իրականացվող քայլերին:
Նախարար Նալբանդյանը հույս հայտնեց, որ Ասոցիացման համաձայնագիրը կամրապնդի Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների իրավական հենքը, նոր խթան կհաղորդի էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության ոլորտներում երկկողմ եւ բազմակողմ համագործակցությանը:
Երկուստեք նշվեց Հայաստանի եւ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի հեշտացման կարեւորությունը եւ ընգծվեց, որ արդեն անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվել մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունների մեկնարկի համար:
Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը բարձր գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերություններում արձանագրված առաջընթացը եւ ասաց, որ եվրոպական կողմը մտադիր է առավել ակտիվացնելու իր քայլերը Հայաստանի հետ համագործակցությունը խթանելու ուղղությամբ:
Եվրոպական կողմի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցային գործընթացի վերջին զարգացումները: Այդ ենթատեքստում Հունգարիայի արտաքին հարաբերությունների պետնախարար Ժոլտ Նեմեթը նշեց, որ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացը: Հանձնակատար Ֆյուլեն իր հերթին ընդգծեց, որ շփման գծում լարվածությունը սրող միջադեպերն անընդունելի են: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները նշեցին, որ Եվրոպական Միությունը ողջունում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Աստանայի հնգակողմ հայտարարությունը:
Հայ-թուրքական հարաբերությունների առումով եվրոպական կողմը վերահաստատեց իր դիրքորոշումը անցյալ տարի Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների առանց նախապայմանների վավերացման եւ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ:
Հայաստանի էկոնոմիկայի եւ արդարադատության փոխնախարարները ներկայացրեցին իրենց բնագավառներում կատարվող քայլերը, կառավարության տնտեսական քաղաքականությունը, դատաիրավական ոլորտում իրականացվող բարեփոխումները:
Խորհդրի նիստին նախորդեց Էդվարդ Նալբանդյանի եւ Շտեֆան Ֆյուլեի առանձնազրույցը, իսկ նիստի ավարտին ՀՀ արտգործնախարարն ու Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով հանձնակատարը հանդես եկան համատեղ ճեպազրույցով:
Դեկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵՄ-ում նախագահող Բելգիայի արտաքին գործերի նախարար Սթիվեն Վանակերեի հետ:
Հայաստանի եւ Բելգիայի արտգործնախարարները հանգամանալից քննարկեցին Հայաստան ԵՄ հարաբերությունները եւ դրանց առավել զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը:
Նախարարները նշեցին երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, ԱԳՆ-ների միջեւ կանոնավոր խորհրդատվությունների անցկացման, տնտեսական համագործակցության, մշակութային փոխանակումների եւ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման կարեւորությունը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց վերոհիշյալ ուղղություններով առաջընթաց ապահովելու համար համապատասխան քայլերի ձեռնարկման վերաբերյալ:
Մշակութային համագործակցության շուրջ քննարկումների ենթատեքստում Բելգիայի արտգործնախարարը բարձր գնահատեց Պողոսյան ընտանիքի կողմից Բրյուսելում Վիլլա Ամպեն մշակութային կենտրոնի հիմնադրումը` որպես կարեւոր ներդրում Բելգիայի մշակութային կյանքում:
Նախարար Վանակերը ներկայացրեց Բելգիայում տեղի ունեցող գործընթացները` ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ջանքերը:
Իր բելգիացի գործընկերոջ խնդրանքով? Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրեց Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների եւ ընդունված հնգակողմ հայտարարության մասին:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ:
Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Էդվարդ Նալբանդյանն իր բելգիացի գործընկերոջը հրավիրեց այցելել Հայաստան:
Ավարտելով այցելությունը Բրյուսել` Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Մոսկվա, որտեղ տեղի են ունենալու ՀԱՊԿ եւ ԱՊՀ արտգործնախարարների խորհուրդների նիստերը: