Աստանայում Հայաստանի արտգործնախարարը հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ
01 դեկտեմբերի, 2010ԵԱՀԿ գագաթաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Աստանայում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը գագաթաժողովի շրջանակներում ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ:
Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպեց Ավստրալիայի նախկին վարչապետ, ԱԳ նախարար Քեվին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում:
Զրուցակցի խնդրանքով` Հայաստանի արտգործնախարարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեվին Ռուդը իր երկրի աջակցությունը հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող խաղաղ գործընթացին:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:
Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որին քննարկվեցին կազմակերպության կանոնադրական մարմինների? դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը:
Նախարար Նալբանդյանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկում ունեցան երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրեց մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: