Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Դանիել Պատրիարքն ընդունեց Հայաստանի դեսպանին
30 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 29-ին Ռոմանիո Ուղղափառ Եկեղեցու հովվապետ Նորին Երանելիություն Դանիել Պատրիարքն (His Beatitude Daniel, Patriarch of the Romanian Orthodox Church) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Ջերմ եւ բովանդակալից զրույցի ընթացքում շոշափվեցին երկու ժողովուրդների եւ երկրների ավանդական բարեկամական կապերն առավել խորացնելու եւ ամրացնելու հարցեր: Ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում ներկայումս ծավալվող միջպետական համագործակցության ծրագրերը: Ն.Ե. Դանիել Պատրիարքն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հոգեւոր ոլորտում խթանելու մի շարք ծրագրեր, մասնավորապես հոգեւոր կրթության եւ դաստիարակության բնագավառում` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով փոխադարձաբար հայերենի ու ռումիներենի խորացված ուսուցմանը եւ մասնագետ կադրերի պատրաստմանը:
Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության եւ եկեղեցու մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ զարգացման գործում`ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարեւորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկը:
Հանդիպման ընթացքում դեսպան Գասպարյանը ռումին Պատրիարքին տեղեկացրեց Հայաստանի եւ հայ-ռումինական հարաբերությունների ներկա վիճակի մասին: Հանդիպումից հետո Հայաստանի դեսպանը կարճ հաղորդումով հանդես եկավ մամուլի առջեւ: