Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանի հանդիպումները Հալեպում
05 նոյեմբերի, 2010Նոյեմբերի 4-ին Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպում է ունեցել Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ նրա գլխավորած պատվիրակության Սիրիա, մասնավորապես` Հալեպ կատարելիք այցի մանրամասները:
Կողմերը կարեւորել են վերջին տարիներին հայ-սիրիական վերընթաց զարգացում ապրող համագործակցության հիմնական ուղղությունները եւ այդ գործում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունների դերը:
Հայաստանի դեսպանն ու Հալեպի նահանգապետը քննարկել են ՀՀ ԱԺ նախագահի այցի շրջանակներում Հալեպում հայկական ապրանքների երկրորդ ցուցահանդեսի բացման հետ կապված հարցեր: Այդ կապակցությամբ նահանգապետը խոստացել է ցուցահանդեսի անցկացման եւ կազմակերպչական հարցերում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
Զրույցի ընթացքում ակնարկվել է Հալեպի նահանգապետի այցը Հայաստան, ինչը գոհունակությամբ է ընդունվել Ալի Ահմադ Մանսուրայի կողմից` նշելով, որ համապատասխան հրավերի դեպքում կայցելի Երեւան տեղում համագործակցության հնարավորություններն ուսումնասիրելու համար:
Նույն օրը տեղի են ունեցել ՀՀ դեսպանի հանդիպումները Հալեպի կրոնական երեք համայնքապետերի` Բերիո Թեմի Առաջնորդ Շահան Սրբազան Սարգիսյանի, Բերիո Թեմի Կաթողիկե համայնքի համայնքապետ Արհիապատիվ Տ. Պետրոս Մրիաթյանի եւ Հայ Ավետարանական համայնքի համայնքապետ Հարություն Սելիմյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԺ նախագահի Հալեպ այցի, ինչպես նաեւ հայրենիք-սփյուռք կապերի զարգացման հետ առնչվող խնդիրներ: