Դեսպան Արմեն Մարտիրոսյանը հանդիպել է Գերմանիայի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ

03 նոյեմբերի, 2010

 Հոկտեմբերի 30-ին Գերմանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի հանդիպումը Գերմանիայի հայկական համայնքային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում ամփոփվել են ընթացիկ տարում կատարված աշխատանքները, քննարկվել համայնքային կազմակերպությունների արդի խնդիրները եւ ծրագրերը, նախանշվել գալիք տարվա համագործակցության ուղիները ու աշխատանքների համակարգման եղանակները: Հայկական կազմակերպությունների ղեկավարները համառոտ ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները եւ տեսակետները դեսպանության հետ համագործակցության բարելավման ուղղությամբ:

Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի համայնքային կազմակերպությունների ղեկավարներին դեսպանությանը ավանդաբար ցուցաբերվող աջակցության համար: Միեւնույն ժամանակ, Արմեն Մարտիրոսյանը ներկայացրել է իր մոտեցումները դեսպանության եւ համայնքային կազմակերպությունների համագործակցության վերաբերյալ` նշելով հետագա համագործակցության արդյունավետության բարձրացման հնարավորությունները եւ դեսպանության առաջարկներն այդ կապակցությամբ: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների եւ արցախյան հիմնահարցի վերաբերյալ եւ կոչ արել կազմակերպություններին ավելի հետեւողական եւ ակտիվ համագործակցել դեսպանության հետ` Գերմանիայում երկու հարցերի կապակցությամբ Հայաստանի դիրքորոշումը ներկայացնելու ուղղությամբ:

Քննարկելով 2011թ. համատեղ ծրագրերը` պայմանավորվածություն է ձեռք բերվել համադրել ՀՀ անկախության 20-րդ տարելիցին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպումը:

Տպել էջը