ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Ավստրիայի ԱԳՆ մշակութային քաղաքականության հարցերով գլխավոր տնօրենին

29 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Ավստրիայի ԱԳՆ մշակութային քաղաքականության հարցերով գլխավոր տնօրեն, դեսպան Մարտին Այխթինգերին եւ Հայաստանում Ավստրիայի դեսպան Միխայել Փոսթլին (նստավայրը` Վիեննա), ովքեր Հայաստան են ժամանել Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում Ավստրիական գրադարանի հանդիսավոր բացումը կատարելու նպատակով:

Շնորհակալություն հայտնելով ավստրիական կողմին հայ-ավստրիական մշակութային կապերի զարգացման գործում նման արժեքավոր ներդրում կատարելու համար` Կարինե Ղազինյանը կարեւորեց երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ մշակութային շփումները երկկողմ համագործակցության ընդհանուր համատեքստում:

Իր հերթին Մարտին Այխթինգերը տեղեկացրեց, որ Ավստրիայի կառավարության կողմից գրադարանին նվիրաբերվել է 1200 կտոր գիրք:

Երկուստեք գոհունակություն հայտնվեց հայ-ավստրիական մշակութային համագործակցության առնչությամբ, որի շրջանակներում իրականացվել եւ ծրագրվում են մի շարք միջոցառումներ Հայաստանում եւ Ավստրիայում, նախատեսվում են մի շարք փոխայցելություններ, մասնավորապես` 2011թ. Ավստրիայի կրթության, արվեստի եւ մշակույթի նախարարի այցը Հայաստան:

Ավստրիացի դեսպանը նշեց, որ Ավստրիայի ԱԳ նախարարի առաջարկությամբ ավստրիական կողմը մտադիր է կրթության եւ մշակույթի ոլորտներում ավելացնել Հայաստանին հատկացվող կրթաթոշակները: Կարեւորվեց ԵՄ մշակութային ծրագրերին Հայաստանի մասնակցությունը:

Կողմերն անդրադարձան նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա ընթացքին եւ հեռանկարներին, տարածաշրջանային խնդիրներին:

Տպել էջը