Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը

29 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 29-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միշել Ռիվազիի (կանաչների խմբակցություն, Ֆրանսիա) եւ Դամիեն Աբադի (Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցություն, Ֆրանսիա) գլխավորած պատվիրակությանը:
Նախարար Նալբանդյանը ողջունեց հյուրերին եւ կարեւորեց միջխորհրդարանական համագործակցության դերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացման գործում: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին Հայաստան-ԵՄ հարաբերություններին և դրանց զարգացման հեռանկարներին:
Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծեց Եւրոպական խորհրդարանի պատվիրակության այցելությունների կարեւորությունը Հայաստան, առավել եւս՝ Արցախ, ինչը հնարավորություն է տալիս ավելի մոտիկից ծանոթանալ առկա իրողություններին, խնդիրներին եւ դրանց լուծման իրատեսական հեռանկարներին։
Եւրոպական խորհրդարանի պատգամավորների խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային այլ հարցեր:

Տպել էջը