Երեւանում կայացան հայ-խորվաթական երկկողմ քաղաքական խորհրդակցություններ
29 հոկտեմբերի, 2010Հոկտեմբերի 28-ին Երեւանում կայացան հայ-խորվաթական երկկողմ քաղաքական խորհրդակցություններ` արտաքին քաղաքական գերատեսչությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մակարդակով: Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը, խորվաթական կողմից Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի հարցերով գլխավոր տնօրենը:
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009թ. սեպտեմբերին Խորվաթիա կատարած այցի ընթացքում Խորվաթիայի նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական կապերի խրախուսմանն ուղղված համատեղ քայլերին եւ ծրագրերին, մշակութային կապերի ակտիվացման հնարավորություններին: Համաձայնություն ձեռք բերվեց կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավապայմանագրային դաշտի հետագա ընդլայնման ուղղությամբ:
Խորվաթ դիվանագետը ներկայացրեց ԵՄ-ին Խորվաթիայի անդամակցության ընթացիկ գործընթացը` առաջարկելով կիրառել Խորվաթիայի կուտակած հարուստ փորձը, որը կարող է օգտակար լինել Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ Ասոցացման համաձայնագրի համատեքստում: Խորվաթական կողմին ներկայացվեց ՀՀ-ԵՄ համագործակցության ընթացքը:
Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային հարցերին. հյուրի խնդրանքով ներկայացվեցին արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում հայկական կողմի մոտեցումները:
Խորվաթական կողմն առաջարկեց խորհրդակցությունների հաջորդ փուլն անցկացնել Զագրեբում:
Խորհրդակցությունների ավարտից հետո խորվաթական պատվիրակությանն ընդունեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, ով հանգամանալից ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության հիմնական ուղղությունները, ԵՄ-ի հետ Ասոցացման բանակցությունների ընթացքը: Կողմերը հաստատեցին իրենց պատրաստակամությունն ու ցանկությունը երկկողմ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը շարունակելու վերաբերյալ: