Դեսպան Համլետ Գասպարյանը հանդիպել է Ռումինիայի Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենին

26 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 15-ին Ռումինիայի Մշակույթի եւ ազգային ժառանգության նախարար Հունոր Կելեմենն (Hunor Kelemen, Minister of culture and national heritage) ընդունեց Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանին: Զրույցի ընթացքում շոշափվեցին մշակույթի բնագավառում երկկողմ եւ բազմակողմ համագործակցության, հայ-ռումինական օրակարգի ընթացիկ հարցեր, ինչպես նաեւ մտքեր փոխանակվեցին մի շարք ծրագրերի շուրջ:

Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ իրականացվող մշակութային ծրագրերի կապակցությամբ` ընդգծվեց, որ դրա համար նպաստավոր պայմաններ են ընձեռնում հայ-ռումինական բազմադարյա առնչությունները եւ ներկայումս առկա ներուժը, ինչպես նաեւ պաշտոնական փոխշփումները, 2006թ. ի վեր գործող մշակույթի, կրթության ու գիտության ոլորտներում համագործակցության հնգամյա ծրագրի շրջանակներում ստանձնած փոխադարձ պայմանավորվածություններն ու ստեղծագործական կապերը:

Բարձր գնահատելով Ռումինիայի կառավարության մշտական հոգատարությունն ու աջակցությունը մասնավորապես Ռումինահայոց պատմամշակութային հարուստ ժառանգության պահպանման եւ զարգացման գործում`ընդգծվեց այդ համատեղ ժառանգության գիտական գնահատման եւ լայն հասարակությանը դրա պատշաճ ներկայացման կարեւորությունը, որպես եվրոպական տարածքում մշակութային բազմազանության լավագույն դրսեւորումներից մեկը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց այդ ուղղությամբ համատեղել երկու երկրների ջանքերը եւ առաջիկայում նախաձեռնել կոնկրետ ծրագրեր:

Տպել էջը