Հայաստանի մասնակցությամբ կայացավ Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթաժողովը

25 հոկտեմբերի, 2010

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը առաջին անգամ անդրադարձավ արցախյան հիմնախնդրին

 

Հոկտեմբերի 23-24-ը շվեյցարական Մոնտրո քաղաքում տեղի ունեցավ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների 13-րդ գագաթաժողովը, որը կայացավ կազմակերպության 40-ամյակի շրջանակներում: Գագաթաժողովին մասնակցելու համար Մոնտրո էին ժամանել կազմակերպության 70 անդամ, ասոցիացված եւ դիտորդ երկրների բարձրաստիճան պատվիրակությունները:

Ֆրանկոֆոնիայի հոբելյանական գագաթաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի պատվիրակությունը` արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի գլխավորությամբ:

Ելույթ ունենալով գագաթաժողովին` Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց Ֆրանկոֆոնիայի շրջանակներում համագործակցությունը եւ կազմակերպության դերը` բազմամշակութային երկխոսության միջոցով ժողովուրդների եւ երկրների միջեւ խաղաղության ու համերաշխության ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը իր գոհունակությունը հայտնեց 2011 թ. Ֆրանկոֆոն քաղաքների Գլխավոր Ասամբլեան Երեւանում անցկացնելու որոշման կապակցությամբ եւ ընդգծեց, որ այդ որոշումը նաեւ կազմակերպության յուրահատուկ գնահատականն է Հայաստանին` որպես ակտիվ անդամի եւ վստահելի գործընկերոջ:

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում առաջին անգամ ընդգրկվեց արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ դրույթ, որտեղ մասնավորապես ասվում է. «Մենք վերահաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Մենք կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին ձեռնպահ մնալ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կվտանգի խաղաղ գործընթացի ապագան: Մենք կոչ ենք անում կողմերին` շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքների ամբողջության հիման վրա` որպես այս հակամարտության հավասարակշռված եւ երկարատեւ կարգավորման հիմք» :

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրեց գործող գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆին:

Համաժողովի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը նաեւ հանդիպումներ ունեցավ մի շարք երկրների իր գործընկերների հետ:

Գագաթաժողովի ընթացքում կազմակերպվել էր նաեւ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրների մշակութային բազմազանությանը նվիրված «Ֆրանկոֆոնիայի ավան» միջոցառումը, որին Հայաստանը ներկայացված էր հայ հոգեւոր եւ դասական երաժշտության կատարումներով:

Տպել էջը