Երեւանում բացվեց Եվրոպայի խորհրդի “Հանուն ժողովրդավարության ապագայի” ֆորումը
19 հոկտեմբերի, 2010Այսօր Երեւանում մեկնարկեց Եվրոպայի խորհրդի “Հանուն ժողովրդավարության ապագայի ֆորումը”, որի բացումը կատարեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ֆորումը գումարվում է 2005 թվականի ԵԽ անդամ երկրների ղեկավարների գագաթաժողովի որոշման հիման վրա եւ համարվում է կազմակերպության կարեւորագույն ամենամյա միջոցառումներից:
Համաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել տարբեր երկրների եւ Եվրախորհրդի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ֆորումի “Հեռանկարներ 2020. ժողովրդավարությունը Եվրոպայում. Սկզբունքներ և մարտահրավերներ” խորագրով նիստին բացման խոսքով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ողջունելով ֆորումի մասնակիցներին, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանի, Շվեդիայի եւ Իսպանիայի համատեղ նախաձեռնությամբ Երևանում Եվրոպայի խորհրդի հետ կազմակերպելով այս նշանակալի միջոցառումը` Հայաստանը իր ներդրումն է բերում համաեվրոպական ժողովրդավարական գործընթացների զարգացմանը:
Խոսելով Եվրոպայի խորհրդի ստեղծման նախադրյալների եւ կազմակերպության գործունեության մասին, Էդվարդ Նալբանդյանը նշեց. “Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո ապագայի նկատմամբ պատասխանատվության զգացումն էր, որ մղեց ժամանակի առաջնորդներին լծվելու Եվրոպայում կայունության, զարգացման և խաղաղության ամուր հիմքերը դնելու այդքան անհրաժեշտ գործընթացին: Եվ այն ժամանակ գտնվեց դեղամիջոց, որի կենսունակությունը ապացուցեց ժամանակը` ազատության և ժողովրդավարության գաղափարներն ունակ են հաղթահարելու անվստահության մթնոլորտը, փլուզելու քարե պատնեշները, կանխելու մեծ պատերազմները և ապահովելու զարգացման հեռանկարը:
Սառը պատերազմի ավարտը վերացրեց մինչ այդ գոյություն ունեցող անջրպետը: ԵԽ անդամ-երկրները և հասարակությունները որդեգրել են ընդհանուր արժեքներ և նպատակներ: Ժողովրդավարության ասպարեզում տարբեր միջազգային կազմակարեպությունների շրջանակներում մշակվել է չափանիշների մի ընդհանուր համակարգ: Անկասկած, Եվրոպայի խորհուրդը, իր ընդգրկուն բնույթով և նշանակությամբ, կարեւոր տեղ է զբաղեցնում նման կառույցների շարքում: Դրա հետ մեկտեղ, այդ չափանիշների իրականացումը, եթե հավատարիմ մնանք ֆորումի վերնագրին, շարունակում է մարտահրավեր հանդիսանալ ԵԽ շրջանակներում:”
Իր ելույթում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը անդրադարձավ նաեւ Եվրախորհրդին Հայաստանի անդամակցությանը. “Շուտով մեր երկիրը կնշի Եվրոպայի խորհրդին անդամակցության 10-ամյակը: Միանալով կազմակերպությանը` Հայաստանը Եվրոպայում ամենաընդգրկուն և համապարփակ ժողովրդավարական բազմազան ընտանիքի մաս է կազմել` ընտանիքի, որը միավորում է բազմաթիվ երկրներ, ժողովուրդներ և մշակույթներ: Ինչպես յուրաքանչյուր ընտանիք, հատկապես նման բազմազանությամբ աչքի ընկնող, նրա ամրությունը պայմանավորված է ինչպես միմյանց խնդիրներին ականջալուր լինելու կարողությամբ, այնպես էլ պարտավորությունների ընդհանրությումբ