Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Հանրապետության Նախագահին
13 հոկտեմբերի, 2010Հոկտեմբերի 12-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Լի Մյուն-բակին:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում երկուստեք նշվեց, որ դիվանագիտական հարաբերություններ հաստատելուց ի վեր Հայաստանի եւ Կորեայի միջեւ բարեկամական կապերն ու համագործակցությունը շարունակաբար զարգանում եւ ամրապնդվում են: Կարեւորվեց երկու երկրների ղեկավարների փոխայցելությունների եւ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ինչպես նաեւ գործարար կապերի ընդլայնումը` առկա հարաբերությունները նոր մակարդակի հասցնելու գործում:
Դեսպան Սարգսյանը նշեց, որ Կորեայի մի շարք գործակալությունների եւ հիմնադրամների կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը նպաստում են տարբեր ոլորտներում երկկողմ շփումների, կրթական եւ մշակութային փոխանակումների ընդլայնմանը: Միաժամանակ նա շեշտեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների ներգրավումը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ համատեղ ծրագրերի սկզբնավորման համար:
Նախագահ Լի Մյուն-բակը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի հետ համագործակցության նոր ոլորտներ գտնելու միջոցով հնարավոր կլինի ապահովել փոխշահավետ երկկողմ հարաբերությունների առաջխաղացում: Նա հաջողություն մաղթեց Հայաստանի նորանշանակ դեսպանին` երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու զարգացման իր առաքելությունն իրագործելու ընթացքում` խոստանալով կորեական կողմի աջակցությունը: