Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին նվիրված երեկո Մոսկվայում
13 հոկտեմբերի, 2010 Հոկտեմբերի 10-ին Արմեն Ջիգարխանյանի ղեկավարած Մոսկվայի դրամատիկական թատրոնում կայացել է հանդիսավոր երեկո` նվիրված ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան 75-ամյակին եւ թատրոնի ստեղծման 15-ամյակին:
Բացման խոսքով հանդես է եկել ՌԴ մշակույթի նախարար Ալեքսանդր Ավդեեւը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձն է ընթերցել
ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը:
Երեկոյին ներկա են եղել ռեժիսորներ, ականավոր դերասաններ, մշակույթի գործիչներ, որոնք իրենց ելույթներում նշել են կինոարվեստում եւ թատրոնում Արմեն Ջիգարխանյանի ունեցած մեծ ավանդի, նրա բացառիկ տաղանդի, անսպառ աշխատասիրության եւ համաժողովրդական սիրո ու համակրանքի մասին:
Թատրոնի անձնակազմի կողմից ցուցադրվել են հատվածներ տարբեր ներկայացումներից, լսվել են նշանավոր երգիչների եւ երաժիշտների կատարումներ: