Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները մասնակցել են ՄԱԿ ԳԱ 6-րդ կոմիտեում միջազգային ահաբեկչության վերաբերյալ քննարկումներին
07 հոկտեմբերի, 2010Ս.թ. հոկտեմբերի 5-ին ՄԱԿ ԳԱ 6-րդ կոմիտեում օրակարգի 107 “Measures to eliminate international terrorism” կետի ներքո քննարկումներին մասնակցել են Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակները: Ելույթ ունենալով` Ադրբեջանի պատվիրակությունը փորձել է մեղադրանքներ հնչեցնել Հայաստանի հասցեին` իր երկրի հանդեպ “ահաբեկչական գործողություններ” իրականացնելու համար:
Դրան ի պատասխան ՀՀ պատվիրակը, օգտվելով իր պատասխանի իրավունքից, հայտարարել է, որ անթույլատրելի է համարում Ադրբեջանի անհիմն մեղադրանքները, որոնք վերջինս օգտագործում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից խուսափելու համար:
Ադրբեջանի պատվիրակությունը կրկին ձայն վերցնելով` հանդես եկավ ՀՀ կողմից “ագրեսիայի” և “օկուպացիայի” մեղադրանքներով: Ի պատասխան, ՀՀ ներկայացուցիչը, օգտվելով իր երկրորդ պատասխանի իրավունքից, ներկաների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը` Հայաստանը ներկայացնելով որպես պատերազմի հրահրիչ: Այնինչ Ադրբեջանն է սկսել պատերազմը` պատժելու ԼՂ ժողովրդին իր արդարացի և օրինական ընտրության համար և հրաժարվում է բանակցել ԼՂՀ իշխանությունների հետ` հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: