Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտորին

05 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 5-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (Agence Universitaire de la Francophonie) ռեկտոր Բեռնար Սերքիգլինիին (Bernard Cerquiglini):

Ողջունելով ռեկտորի առաջին այցը Հայաստան` նախարար Նալբանդյանը վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի ֆրանկոֆոն ընտանիքին Հայաստանի մերձենալու գործընթացին:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Բեռնար Սերքիգլինին ընդգծեց, որ Հայաստանի հետ ՖՀԳ-ի հարաբերությունները նշանակալի զարգացում են ապրել Հայաստանի երեք բուհական հաստատությունների` Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (լիիրավ անդամի կարգավիճակով) եւ Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ու Երեւանի պետական համալսարանի (ասոցացված անդամի կարգավիճակով) ՖՀԳ-ին անդամակցությունից ի վեր:

Դրական գնահատելով Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության եւ նրա գործընկեր կազմակերպությունների անդամների համագործակցությունն ու համերաշխությունը` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը հավատարիմ է ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ այսուհետ եւս ջանալու է ակտիվ մասնակցել Ֆրանկոֆոն ընտանիքի կազմակերպությունների գործունեությանը:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանն ու Բեռնար Սերքիգլինին ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև «Հայաստանում Ֆրանսերեն լեզվով տեղեկատվական տվյալների թվայնացման կենտրոնի ստեղծման մասին» համաձայնագիրը:

Տպել էջը