Հայաստանի Ազգային տոնին նվիրված միջոցառումներ Ռումինիայում

04 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 1-ին Ռումինիայի Գալաց քաղաքի Բնական գիտությունների թանգարանում բացվեց գրաֆիկայի ցուցահանդես` նվիրված Հայաստանի Ազգային տոնին: Բացմանը ներկա էին Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը, Գալացի քաղաքապետ Դումիտրիու Նիկոլաեն (Dumitru Nicolae), Գալացի Բնական գիտությունների թանգարանի գլխավոր տնօրեն տիկին Կամելիա Բուռլուկը (Camelia Burluc), Ռոմանահայոց միության ղեկավարներ, տեղի հասարակության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսում ներկայացված էին դիմանկարի եւ սատիրայի անզուգական վարպետ Չիկ Դամադյանի/Cik Damadian (1919-1985), հայտնի կարիկատուրիստ, ռեժիսոր եւ սցենարիստ Մաթի Ասլանի/Matty Aslan (1924-1995), ինչպես նաեւ ռումինական ժամանակակից գրաֆիկայի վարպետներ Պավել Բոտեզատուի/Pavel Botezatu եւ Միհայ Բոակայի/Mihai Boaca գործերը:

«Ռումինական մշակույթի այս նշանավոր անունները հարազատ են նաեւ մեզ` հայերիս, մենք հպարտ ենք նրանցով եւ նրանց միջոցով է նաեւ կոփվում հայ-ռումինական բարեկամությունը», ցուցահանդեսից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց դեսպան Գասպարյանը:

Ցուցահանդեսի առիթով հրատարակված չորս գծանակարիչների համատեղ ալբոմը, ինչպես նաեւ նկարիչներ Պավել Բոտեզատուին եւ Միհայ Բոակային, ովքեր այդ առիթով ժամանել էին Գալաց, ներկայացրեց արդի ռումինական արձակի ծանոթ անուններից Պետրոս Խորասանջյանը/Bedros Horasangian:

Ցուցահանդեսից հետո կայացավ հանդիպում դեսպան Համլետ Գասպարյանի եւ Գալացի քաղաքապետ Դումիտրիու Նիկոլաեի միջեւ, որին մասնակցեցին նաեւ Գալացի Բնական գիտությունների թանգարանի գլխավոր տնօրեն տիկին Կամելիա Բուռլուկը եւ Ռոմանահայոց միության ներկայացուցիչները: Քննարկվեցին Գալացի հայ հոգեւոր եւ կրթական հաստատությունների պահպանման, Գալացի հայերի հարուստ պատմությանը նոր սերնդին տեղյակ պահելու, դրանք շրջանի տուրիստական երթուղիների մեջ ներառելու, ինչպես նաեւ այս ուղղությամբ Հայաստանի դեսպանության հետ համագործակցելու հարցերը:

Դանուբի վրա գտնվող մոտ 300 հազ. բնակիչ ունեցող Գալաց քաղաքում/Galati հայերը հաստատվել են դեռեւս 15-րդ դարում: Հարուստ եւ ազդեցիկ հայ համայնքը ժամանակին ունեցել է եկեղեցի, դպրոց, տպարան, թատրոն, առեւտրական տներ եւ գործարաններ, գործել են մշակութային միություններ ու թատերախմբեր, հրատարակվել Ռումինիայի առաջին հայկական պարբերականները: 2002թ. մարդահամարի համաձայն Գալացում ապրում են 571 հայեր: Պահպանված են վերջերս վերանորոգված Սուրբ Աստվածածին եկեղեցին, հայկական դպրոցի շենքը, հայկական գերեզմանատունը: Գալացում գործում է Ռոմանահայոց միության տեղական մասնաճյուղը:

Սեպտեմբերի 30-ին Ռումինական հեռուստատեսության առաջին ալիքով (TVR1) հեռարձակվել էր ռեպորտաժ`նվիրված Բուխարեստի Ազգային օպերայի սրահում կազմակերպված Հայաստանի Ազգային տոնին, որի ընթացքում ելույթ էր ունեցել Աննա Մայիլյանի տրիոն, ինչպես նաեւ բացվել Ռումինիայում հայոց ներկայության մասին պատմող լուսանկարչական ցուցահանդես:

Տպել էջը