Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Հարավային Կովկասում Եվրոպական Միության հատուկ ներկայացուցչին

01 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երեւանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման ընթացքում նախարար Նալբանդյանը եւ դեսպան Սեմնեբին քննարկեցին Հայաստանի եւ Եվրոպական Միության համագործակցությանն առնչվող տարբեր հարցեր:

Կողմերը գոհունակությամբ նշեցին, որ Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունները շարունակում են դինամիկ զարգանալ թե՛ բազմակողմ, թե՛ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափերով: Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ ս.թ. հուլիսի 19-ին Ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցությունների մեկնարկը նոր լիցք է հաղորդել Հայաստան – ԵՄ հարաբերություններին: Նախարարի խոսքերով սեպտեմբերի 24-ին ու 27-ին Երեւանի եւ Բրյուսելի միջեւ տեսակամուրջի միջոցով տեղի ունեցած բանակցությունները բավականին արդյունավետ էին եւ կարեւոր հոկտեմբերի 12-ին Բրյուսելում կայանալիք բանակցությունների երկրորդ փուլից առաջ:

Հայաստանի արտգործնախարարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը անդրադարձան նաեւ դեկտեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը եւ դեկտեմբերի 23-ին նախատեսված Հայաստան – ԵՄ համագործակցության խորհրդին քննարկվելիք հարցերին:

Պիտեր Սեմնեբիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձ կատարեցին տարածաշրջանային մի շարք խնդիրների:

Տպել էջը