Ուկրաինայի դեսպանը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը

01 հոկտեմբերի, 2010

 Հոկտեմբերի 1-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտային (Иван Кухта)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Նախարար Նալբանդյանը, շնորհավորելով դեսպան Կուխտային նշանակման կապակցությամբ, հույս հայտնեց, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա հայ-ուկրաինական բարեկամական հարաբերությունների առավել ամրապնդման գործում: Էդվարդ Նալբանդյանը նաեւ արտգործնախարարության աջակցությունը հայտնեց դեսպանին նրա առաքելության իրականացման ընթացքում:

Դեսպան Կուխտան, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Ուկրաինան մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ համակողմանի հարաբերությունների խորացմանը: Իվան Կուխտան կարեւորեց Ուկրաինայի հայ համայնքի ներդրումը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Կուխտան մտքեր փոխանակեցին հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, ս.թ. նոյեմբերին Հայաստանի արտգործնախարարի հրավերով Ուկրաինայի ԱԳ նախարարի Երեւան կատարելիք այցի, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերի, Հայաստանում եւ Ուկրաինայում փոխադարձ մշակույթի օրերի անցկացմանն առնչվող հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային մի շարք խնդիրներ:

Տպել էջը