Հայաստանի մշակույթի օրերը Սիրիայում

28 սեպտեմբերի, 2010

 Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրերին մասնակցելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 23-ին պաշտոնական այցով Դամասկոս էր ժամանել ՀՀ մշակույթի նախարարության պատվիրակությունը` փոխնախարար Արթուր Պողոսյանի գլխավորությամբ:
Այցի շրջանակներում Հայաստանի մշակույթի նախարարության պատվիրակությանն ընդունել են Սիրիայի փոխնախագահ տիկին Նաջի Ատտարը, մշակույթի նախարար Ռիադ Նաասան Աղան եւ տեղեկատվության նախարար Մոհսեն Բիլալը:
Հանդիպումների ընթացքում կողմերը երկուստեք կարեւորել են երկու երկրներում պարբերաբար մշակութային միջոցառումների անցկացումը` ընդգծելով, որ մշակութային համագործակցությունը լավագույն միջոցն է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունն էլ ավելի ամրապնդելու եւ խորացնելու համար:
Սիրիայի մշակույթի նախարարի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի եւ Սիրիայի միջեւ մշակույթի բնագավառում համագործակցության Գործնական ծրագրի ժամկետի երկարաձգման հետ կապված հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակել 2011-2013 թթ. գործողությունների հստակ ծրագիր: Քննարկվել են հայ-սիրիական համատեղ ֆիլմեր նկարահանելու հնարավորությունը: Կողմերը երկուստեք կարեւորել են կերպարվեստի, հնագիտության բնագավառների ներկայացուցիչների, լրագրողների եւ մտավորականների փոխայցելությունների անհրաժեշտությունը:
Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը հրավիրել է սիրիական կողմին 2011թ. Հայաստանում անցկացնել Սիրիայի մշակույթի օրերը:
Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերը մեկնարկել են Սիրիայի Ազգային թանգարանում Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի ցուցանմուշների, ինչպես նաեւ Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի հայկական ճարտարապետությանը նվիրված լուսանկարների ցուցադրությամբ:
Նույն օրը` սեպտեմբերի 23-ին, Դամասկոսի «Դար էլ-Ասադ» օպերային թատրոնի մեծ դահլիճում կայացել է Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացումը:
Բացման խոսքով հանդես են եկել Սիրիայի մշակույթի նախարար դոկտոր Ռիադ Նաասան Աղան եւ Հայաստանի մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը: Պաշտոնական ելույթներին հետեւել է «Հայաստանի Հանրապետությունն այսօր» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի ցուցադրումը:
Հանդիսավոր երեկոն եզրափակել է Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի ելույթը:
Հայաստանի մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին Սիրիայի կառավարության անդամներ, խորհրդարանի պատգամավորներ, Սիրիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, լրագրողներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ինչպես նաեւ սիրիահայ համայնքի հազարից ավելի ներկայացուցիչներ:
Հայաստանի մշակույթի օրերի անցկացման շրջանակներում Սիրիայում Հայաստանի դեսպանության եւ Սիրիայի հեռուստատեսության եւ ռադիոյի գլխավոր կազմակերպության համատեղ ջանքերով ս.թ. սեպտեմբերի 24-ին Սիրիայի արբանյակային առաջին ալիքով ցուցադրվել է «Հայաստանի Հանրապետությունն այսօր» 40 րոպե տեւողությամբ վավերագրական ֆիլմը:
Սիրիայում Հայաստանի մշակույթի օրերը շարունակվում են:

Տպել էջը