Հայաստանի արտգործնախարարը Բոստոնում ելույթ ունեցավ Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում, հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ

28 սեպտեմբերի, 2010

 Բոստոն ժամանելուն պես Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այցելեց քաղաքի կենտրոնում գտնվող “Հայկական ժառանգության պուրակ” կոչվող վայր, որտեղ հաջորդ տարի կավարտվեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի կառուցման աշխատանքները: Հուշակոթողի կառուցման նախաձեռնող խմբի անդամները Էդվարդ Նալբանդյանին նախագծի վերաբերյալ բացատրություններ տվեցին:
Սեպտեմբերի 27-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ծավալուն ելույթով հանդես եկավ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցում:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ արդեն 11 տարի է Տավիտյան հիմնադրամի շնորհիվ Հայաստանի շուրջ 150 դիվանագետներ, պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել դասընթացներ անցնել Ֆլեթչերի դպրոցում, եւ շնորհակալություն հայտնեց Ֆլետչերի դպրոցի ղեկավարությանը շարունակական համագործակցության համար:
Հայաստանի արտգործնախարարը անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրներին եւ դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին, արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման շուրջ բանակցություններին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:
Հայաստանի ԱԳ նախարարի ելույթին հետեւեցին ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցեր:
Անդրադառնալով Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայտնվելուն` Հայաստանի արտգործնախարարն ասաց. “Այսօր խոսում են Երկրորդ աշխարհամարտից առաջ Ստալինի եւ Հիտլերի միջեւ պայմանավորվածություններից, կասկածի տակ դնում Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը: Մինչդեռ լռության են մատնվել անցյալ դարասկզբին Լենին-Քեմալ պայմանավորվածությունները, Ստալինի եւ Կավբյուրոյի որոշումները, որոնք հիմք հանդիսացան Հարավային Կովկասում մի շարք խնդիրների, որոնք մինչ այսօր լուծումներ չեն գտել:
Պատասխանելով հարցին, թե ադրբեջանցիները պնդում են, որ մադրիդյան առաջարկությունների ինչ-որ տարբերակի են համաձայնվել, իսկ Հայաստանը` ոչ, Էդվարդ Նալբանդյանն ասաց.
"Իրականությունն այն է, որ եռանախագահները 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրեցին Մադրիդյան փաստաթուղթը եւ այն, իբրեւ պաշտոնական առաջարկ, ի պահ հանձնվեց Վիեննայում ԵԱՀԿ քարտուղարությանը: Դրանից հետո եղել են երկու տասնյակից ավելի աշխատանքային առաջարկներ` Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Վերջին մի քանի ամիսների ինտենսիվ բանակցությունների արդյունքում կողմերին մադրիդյան առաջարկությունների վերջին տարբերակը ներկայացվեց այս տարվա հունիսին Սանկտ-Պետերբուրգում եւ մեր կողմից հայտարարվեց, որ դա ընդունվում է որպես բանակցությունների հիմք, ինչպես որ դա արվել էր 2007 թ. նոյեմբերին ներկայացված փաստաթղթի առաջին տարբերակի կապակցությամբ: Ադրբեջանցիները մերժում են թե՛ առաջինը, թե՛ վերջինը: Աշխատանքային տարբերակներից մեկի առնչությամբ Ադրբեջանը հայտարարեց, որ կարող է այն ընդունել որպես բանակցությունների հիմք, բայց որոշ բացառություններով: Սակայն պարզվեց, որ բացառություններն ավելի շատ են, քան ընդունվածը: Հետո, ի՞նչ է նշանակում ընդունել բացառություններով: Դա փաստացի նշանակում է չընդունել:
Ի՞նչ է սպասում Ադրբեջանը, որ իրենց “այսպես կոչված ընդունվածը”` բացառություններով հանդերձ, պետք է ընդունվի Հայաստանի եւ Արցախի կողմից: Եվ իրենց այդ կեցվածքն էլ համարում են կառուցողական մոտեցում: Բայց եթե այդ կառուցողականությունը իրենցից բացի ոչ ոք չի հասկանում, ուրեմն մեղավորին պետք է փնտրեն հենց իրենց մեջ: Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցիները ականջների մեջ խցան են դրել եւ չեն ուզում լսել` ինչի մասին է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը:
Անդրադառնալով վերջին շրջանում հրադադարի ռեժիմի հաճախակիացած խախտումներին, Հայաստանի արտգործնախարարն ասաց. “Ադրբեջանն արդեն 15 տարուց ավելի խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները հրադադարի պահպանման եւ ամրապնդման վերաբերյալ` ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի պայմանները, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունը, որով Բաքուն ի շարս այլոց պարտավորվել էր ձեռնպահ մնալ սադրիչ հայտարարություններից եւ գործողություններից: Մինչ այսօր միջազգային հանրությունը շարունակում է կոչեր անել այդ կապակցությամբ, իսկ Ադրբեջանը համառորեն շարունակում է իր սադրիչ կեցվածքը: Բաքուն տասնյակ տարիներ խախտում է այդ պարտավորությունները: Ադրբեջանը այսօր էլ մերժում է եռանախագահների, ԵԱՀԿ-ի, եւ անգամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից արվող կոչերը հրադադարի ամրապնդման, դիպուկահարներին շփման գծից հետ բերման վերաբերյալ: Պարզ է, որ այսպիսի կեցվածքը չի կարող բարենպաստ մթնոլորտ ստեղծել խաղաղ կարգավորման գործընթացի համար:"
Ելույթից հետո Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆլեթչերի դպրոցի տնօրեն Ստեֆեն Բոսվորթին, որի հետ քննարկեց ԱԳՆ եւ հաստատության միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր:
Բոստոնում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բոստոնի հայ համայնքի կողմից Հայաստանի արտգործնախարարի պատվին կազմակերպած ընդունելությանը, որին խոսեց Հայաստանի արտաքին քաղաքականության մասին եւ պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:
Ավարտելով այցելությունը Միացյալ Նահանգներ` Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Երեւան:

Տպել էջը