Շարունակվում է Հայաստանի արտգործնախարարի այցելությունը Նյու-Յորք

23 սեպտեմբերի, 2010

 Էդվարդ Նալբանդյանի նյույորքյան այցելության երկրորդ օրը հագեցած էր երկկողմ հանդիպումներով:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Հայաստանի արտգործնախարարի առաջին հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ էր: Զրույցի ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները քննարկեցին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած պետական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի այլ հարցերի շուրջ:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպեց Թունիսի արտգործնախարար Քամել Մորջանեի հետ: Հանդիպման ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Մորջանեն անդրադարձան երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Հայաստանի եւ Թունիսի ԱԳՆ-երի ղեկավարները քննարկեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության, իրավապայմանագրային դաշտի ձեւավորմանն առնչվող հարցեր:
Նախարար Նալբանդյանը նշեց, որ որ երկկողմ համագործակցության ընդլայնման համար կարեւոր դեր կարող է խաղալ վերջերս Հայաստանի ազգային ավիափոխադրողի կողմից Երեւանի եւ Թունիսի միջեւ իրականացվող ուղիղ չվերթները:

ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցչությունում Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Կոսովոյի արտաքին գերատեսչության ղեկավար Սքենդեր Հուսեյնիին` վերջինիս խնդրանքով:
Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ թեեւ Հայաստանը չի ճանաչել Կոսովոն, սակայն նման կարգի հանդիպումները օգտակար են մտքերի փոխանակման համար:
Նախարար Նալբանդյանի խոսքերով ս.թ. հուլիսին Կոսովոյի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքի հրապարակումով վերահաստատվեց այն իրողությունը, որ միջազգային իրավունքի ամենահիմնարար սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, չի կարող ստորադասվել որեւէ այլ սկզբունքի:

Հայաստանի ներկայացուցչությունում կայացավ նաեւ Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրմաս Պաետի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում հայ-էստոնական համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր, մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական Միություն հարաբերությունների եւ տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Հայաստանի եւ Էստոնիայի արտգործնախարարները ստորագրեցին դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրերի պահանջը հանելու մասին համաձայնագիրը, որը Ուրմաս Պաետի բնորոշմամբ Հայաստան - ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի ընդհանուր դյուրացման գործընթացի կարեւոր հանգրվաններից է:

Հունգարիայի արտգործնախարարի Յանոշ Մարտոնիի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը շնորհավորեց նրան Հունգարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ փոխանցեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ուղղված Հունգարիայի Նախագահ Լասլո Սոլյոմին:
Նախարարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը եւ ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նրանք հանգամանալից զրույց ունեցան Հայաստան-Եվրոպական Միություն հարաբերությունների, Արեւելյան գործընկերության ձեւաչափով համագործակցության խնդիրների շուրջ: Հունգարիայի ԱԳ նախարարն իր հայաստանյան գործընկերոջը տեղեկացրեց հաջորդ տարվա մայիսին կայանալիք Արեւելյան գործընկերության անդամ երկրների գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը Յանոշ Մարտոնին հրավիրեց այցելել Հայաստան:

Էդվարդ Նալբանդյանի եւ Սինգապուրի արտգործնախարար Ջորջ Յուի հետ հանդիպման ժամանակ քննարկվեցին երկկողմ հարաբերությունների, իրավապայմանագրային դաշտի ձեւավորման, տնտեսական համագործակցության խթանման, միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:
Սկսված երկխոսությունը շարունակելու նպատակով Ջորջ Յուnն Էդվարդ Նալբանդյանին հրավիրեց այցելել Սինգապուր:

Էդվարդ Նալբանդյանի հանդիպմանը 2011 թ. ԵԱՀԿ նախագահությունը ստանձնող Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսի հետ անդրադարձ կատարվեց մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցերի:
Նախարարները մտքեր փոխանակեցին Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: Հայաստանի եւ Լիտվայի արտգործնախարարները հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Մակեդոնիայի նախկին հարավսլավական Հանրապետության արտգործնախարար, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Անտոնիո Միլոշսկիի հետ էր:
Նախարարներն անդրադարձան ս.թ. հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք Եվրոպայի Խորհրդի «Հանուն ժողովրդավարության ֆորումի» նախապատրաստական աշխատանքներին եւ այդ միջոցառմանը ԵԽ նախարարների կոմիտեի նախագահի մասնակցությանը:

Նույն օրն Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Մարկոս Կիպրիանուի հետ: Զրուցակիցները քննարկեցին հաջորդ տարվա սկզբին Հայաստանի Նախագահի Կիպրոս այցի նախապատրաստական աշխատանքները, կիպրական հիմնահարցի հանգուցալուծման ուղղված գործընթացի վերջին զարգացումները, միջազգային կազմակերպություններում երկու բարեկամ երկրների համագործակցությանն առնչվող հարցեր:

Տպել էջը