Հայաստանի Հանրապետության Անկախության 19-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ Իտալիայում

23 սեպտեմբերի, 2010

 Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ Հռոմի կենտրոնական` Հանրապետության հրապարակում (Piazza della Repubblica) գտնվող հռչակավոր «Basilica di Santa Maria degli Angeli e dei Martiri» եկեղեցում Իտալիայում Հայաստանի դեսպանությունը կազմակերպել էր համերգ «Սբ.Գեղարդ վանքի» երգչախմբի կատարմամբ:
Միջոցառման բացմանը Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը նշեց. «Հայաստանի անկախության այս կարեւոր տարեդարձը հայկական միջնադարյան հոգեւոր երաժշտության համերգով նշելու գաղափարը պատահական չէ: Քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին պետություն, Հայաստանը իր մեծ ներդրումն է ունեցել Եվրոպայում, այդ թվում` Իտալիայում քրիստոնեության քարոզչության տարածման գործում: Այդ մասին են վկայում իտալական տասնյակից ավելի քաղաքները հովանավոր հայ սրբերը ու նրանց նվիրված եկեղեցիները Իտալիայի ողջ տարածքում: Իտալիան միշտ եղել եւ շարունակում է մնալ ամենամտերիմ ու հոգեհարազատ երկիրը հայերիս համար ինչպես ընդհանուր պատմությամբ, այնպես էլ մշակութային եւ հոգեւոր փոխլրացնող հարուստ ժառանգության շնորհիվ»:
Համերգին ներկա էին Իտալիայի կառավարության ու խորհրդարանի անդամներ, նահանգային եւ քաղաքային իշխանությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Իտալիայում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններ, ԱԳՆ դիվանագետներ, հասարակական գործիչներ, լրագրողներ եւ իտալահայ համայնքի ներկայացուցիչներ:

Տպել էջը