Դերասան Արմեն Ջիգարխանյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն
15 սեպտեմբերի, 2010 Սեպտեմբերի 9-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանություն է այցելել ԽՍՀՄ ժողովրդական դերասան Արմեն Ջիգարխանյանը: Դեսպան Օլեգ Եսայանն, ընդունելով մեծ դերասանին և ջերմորեն ողջունելով նրան, նշել է Արմեն Ջիգարխանյանի ունեցած մեծ ավանդը մշակույթի և hայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում, խոսել անկրկնելի դերասանական կոլորիտով և կատարողական բարձր արվեստով համեմված նրա բազմաթիվ դերերի մասին, որոնք գերել են բազմահազար հանդիսատեսի հոգիներ` փառավորելով և իրեն, և հայ ժողովրդին: Դեսպան Եսայանը և Ջիգարխանյանը խոսել են հայ-ռուսական մշակութային համագործակցության բնագավառում համատեղ ծրագրերի եւ դրանց իրականացման ուղղությունների մասին:
Արմեն Ջիգարխանյանն անդրադարձել է նաև իր թատրոնի նոր նախագծերին և հրավիրել Օլեգ Եսայանին թատերաշրջանի բացման արարողությանը, որը նվիրված է լինելու թատրոնի ստեղծման 15-ամյակին և իր ծննդյան 75-ամյակին: