Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Կանադայի խորհրդարանի պատվիրակությանը

07 սեպտեմբերի, 2010

Սեպտեմբերի 7-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի հայ-կանադական պատգամավորական բարեկամության խմբի պատվիրակությանը` խմբի ղեկավար Հարոլդ Ալբրեխտի գլխավորությամբ:

Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը կարեւոր նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների հետագա խորացմանը եւ ամրապնդմանը: Այս առումով Հայաստանի արտգործնախարարը ողջունելի համարեց հայ-կանադական հարաբերություններում վերջերս նկատված աշխուժացումը, փոխադարձ այցելությունների ակտիվացումը:

Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ խորհրդարանական դիվանագիտությունը պետությունների միջեւ հարաբերությունների զարգացման կարեւոր ձեւաչափերից է եւ ողջունեց Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունը հայ-կանադական հարաբերությունների հետագա խորացման առումով:

Կանադայի Համայնքների պալատի անդամ Հարոլդ Ալբրեխտը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, վերհիշեց ՀՀ արտգործնախարարի վերջերս Օտտավա կատարած պաշտոնական այցելությունը, որի արդյունքում հայ-կանադական հարաբերություններին նոր լիցք հաղորդվեց:

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ համագործակցության զարգացմանը, տնտեսական հարաբերությունների խթանմանը, մշակութային, գիտական եւ կրթական փոխանակումների ակիտվացմանը, իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող տարբեր հարցեր:

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:

Տպել էջը