Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահին
28 հուլիսի, 2010Ս.թ. հուլիսի 20-ին Հայաստանի դեսպան Արա Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել Շրի Լանկայի նախագահ Մահինդա Ռաջապակսային:
Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Շրի Լանկայի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները եւ նշել, որ տասնյակ տարիներ տեւած ներքին հակամարտության ավարտից հետո Շրի Լանկայում հաստատված խաղաղությունն ու կայունությունը առավել բարենպաստ մթնոլորտ են ստեղծում երկկողմ համագործակցության հետագա զարգացման համար:
Շրի Լանկայում գտնվելու ընթացքում Արա Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Արդյունաբերության եւ առեւտրի, Բարձրագույն կրթության, Ջրային մատակարարման եւ ջրաքաշման, Բնապահպանության եւ բնական պաշարների նախարարների, ովքեր նաեւ Շրի Լանկայի խորհրդարանի անդամներ են, այլ բարձրաստիճան պաշտոնյաների եւ գործարարների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ առեւտրատնտեսական, գիտակրթական եւ գործարար հարաբերություններին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Դիտարկվել է նաեւ երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խմբերի ստեղծման հնարավորությունը: